Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ գիշերը 00.00-ից հետո, Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածին սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել, այսինքն՝ մաքսակետեր տեղակայել։

ԱԽ քարտուղարի խոսքից ստացվում է, որ Գորիսից Կապան Որոտանով և Շուռնուխով երթևեկելու պարագայում, Ադրբեջանը համապատասխան ընթացակարգերով անվտանգային և մաքսային ստուգումներ է իրականացնելու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար։Այս իշխանությունները մինչև վերջերս պնդում էին, որ իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունեն այդ ճանապարհով հայկական մեքենաների անխափան երթևեկության համար, սակայն պարզվեց, որ իրականում այդ պայմանավորվածությունը գործելու էր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։

Այսպիսի ռեժիմի սահմանման մասին Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել մինչև Ադրբեջանի իրազեկումը, որովհետև իր խոսքում ԱԽ քարտուղարը նշում է, որ իրենք նախապես քայլեր են ձեռնարկել և նույնանման սահմանային ռեժիմ իրականացվելու է նաև հայկական կողմից։ Դե ինչ ասեմ՝ իշխանական քաղաքական, քարոզչական հերթական փուչիկի պայթեցումից բացի, Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հայտնել էր․ «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

Այսինքն, ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»։