00:00:00

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

01:39, 11 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։ Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր