00:00:00

Անհուն թախիծ և անասելի ցավ ենք ապրում. մահացել է Նաիրուհի Ալավերդյանը

20:24, 10 նոյեմբեր 2021

Կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհու մահվան կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել ընտանիքի անդամներին, արվեստասեր հանրությանը: Այս մասին տեղեկացնում է Մշակութային Արցախ ֆեյսբուքյան էջը: Նախարարի ուղերձում ասված է. «Անհուն թախիծ և անասելի ցավ ենք ապրում. այլևս մեզ հետ չէ ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը: Երկրային 80 տարիները մեկ ակնթարթում միաձուլվեցին երկնային ոլորտների անսահմանությանը: Ծնվել-մեծացել է ազնվական ընտանիքում: Մշակութային հոգեկերտվածքը ժառանգել է մտավորական ծնողներից: Բանասիրական կրթությամբ երիտասարդ մասնագետը, հավատարիմ մնալով վաղ պատանեկան շրջանի նախասիրություններին և օժտվածությանը, իր գործունեությունն է ծավալել երաժշտության բնագավառում. «Ղարաբաղ» երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, ապա և «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի: Նրա տարերքը հայկական ժողովրդական, գուսանական երգերն էին, որոնք կատարում էր զուլալ ձայնով: Երգացանկի մաս կազմող արտասահմանյան երգերը նույնպես համ ու հոտ էին ստանում նրա կատարումներից: Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև՝ զորամասեր: Ժողովրդական երգչուհին հյուրախաղերով հաճախ էր շրջագայում հայահոծ երկրներ՝ Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա, Պարսկաստան, Գերմանիա և այլուր: Ոչ միշտ ճաշակելով կյանքի քաղցրահամը՝ երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձությունները դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու՝ լիցքատու հնար: Դժբախտ պատահարից հետո Գերմանիայում երկարատև բուժումներից և վերականգնումից հետո տունդարձի ճանապարհին, երբ Շուշիի բարձունքից երևացել է Ստեփանակերտը, նա, չկարողանալով տիրապետել իր հորդ հուզումները, ասել է, որ միայն «Ստեփանակերտ» երգը երգելու համար արժեր լինել երգչուհի և հայ: «Գեղագետ-մանկավարժը կայացած կարող է համարվել, երբ իրեն գերազանցող սերունդ դաստիարակի». երբեմն սիրում էր կրկնել երգչուհին: Ղեկավարելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղը՝ Նաիրուհի Ալավերդյանը, իր հավաստմամբ, կրթել և դաստիարակել է իրեն գերազանցող սերունդ: Երգչուհին երկար-երկար ապրելու է իր երգերով ու իր երգերը հավերժությանը փոխանցող սերունդներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր