00:00:00

Խաղաղ բնակչի սպանությունն ուղղված է ռուս խաղաղապահների դեմ. Արցախի ԱԳ նախարար

20:01, 10 նոյեմբեր 2021

Ուզում են վհատեցնել մեր բնակչությանը, ուզում են սեպ խրել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ, ինչն իրենց ֆաշիստական աշխարհընկալման արդյունք է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին «Շուշիի տակ» տեղանքում ադրբեջանցի զինծառայողի կողմից «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների ուղղությամբ արձակած կրակոցներին, որոնց հետևանքով 1 մարդ մահացել է, 3 հոգի վիրավորվել։ Բաբայանի խոսքերով՝ սա ուղղակի կապ չունի 2020-ի նոյեմբերի 9-10-ին կնքված եռակողմ հայտարարության 1-ամյակի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այդ օրը Շուշի քաղաք այցելության հետ։ «Սա պարզապես Ադրբեջանի պետական քաղաքականության դրսևորումն է։ Ուղղակի ադրբեջանական կողմի զգացմունքներն էր Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սա շատ մանրակրկիտ ռազմաքաղաքական հաշվարկի արդյունք է։ Կարելի է ասել մի մեծ փունջ գործոններ կան, որոնք նման պահելաձևը բնորոշում են»։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործողություններին անդրադառնալով՝ Արցախի դիվանագիտության ղեկավարը հիշատակեց ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը։ «Ռուսաստանը պաշտոնապես հայտարարություն է տարածել այդ միջադեպի մասին, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմն է կրակել, և որի հետևանքով զոհ կա»։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի նման քայլը նաև հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը։ «Քաղաքացիական հագուստով ահաբեկիչը, որը պետական պատվեր էր կատարում, հայտնվել է ռուսական դիրքերի արանքում, 500-600 մետր հեռավորության վրա։ Իսկ այդ տարածքը միշտ վերահսկվում է ռուսների կողմից, այսինքն՝ այդտեղ երբևիցե խնդիր չի եղել։ Ադրբեջանական կողմն անակնկալի է բերել ռուսական կողմին», - ընդգծեց Բաբայանը։ Հարցին՝ ռուսական խաղաղապահ առաքելությունն այս մասով ի՞նչ է ձեռնարկելու, ԱՀ ԱԳ նախարարը պատասխանեց․ «Բնական է, որ իրենք նույնպես հասկանում են այդ բոլոր բարդությունները։ Եվ քայլեր կձեռնարկվեն, որովհետև նման գործողությունները պահանջում են որոշ փոփոխություններ մտցնել նաև անվտանգային քաղաքականության և քայլերի մեջ»։ Արցախի իշխանությունների գործողությունների մասով Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ անհրաժեշտ քայլերն արվում են։ «Առաջինն իհարկե անվտանգային քայլերն են, իրազեկվածության քայլերը, այսինքն՝ այսպիսի միջադեպերից մենք պետք է դասեր քաղենք», - եզրափակեց Դավիթ Բաբայանը։ Նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողը, անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Ադրբեջանցու գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մարտիկ Երեմյանը, գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում, տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ  Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր