00:00:00

Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու հետ. Սա է մեր տղաների պատգամը. Բագրատ Սրբազան

14:11, 10 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Ինչի՞ համար են նահատակվել մեր սիրելի զավակները․ ի՞նչ արժեքի համար, ո՞ւմ կյանքի բարելավման համար, ո՞ւմ սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման համար, ո՞ւմ ճանապարհները բացելու համար, ո՞ր ապրանքների գները էժանանալու կամ թանկանալու համար, ո՞ր առևտուրը զորացնելու համար, ո՞ր շուկան ավելի լավը դարձնելու համար․ սրա համար չեն նահատակվել իրենք։ Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Տավուշ գյուղում խաչքարի օծման արարողությանը։ Նա նաեւ նշել է. «Իրենք գնացել են գիտակցված, ամբողջական նվիրումով, իմ և ձեզ համար, և մեր վեհագույն արժեքի՝ մեր Հայրենիքի, մեր պետության, մեր արժանապատվության, մեր գոյության, և, ընդհանրապես, մեր կյանքի իմաստի համար։ Սրա համար են նահատակվել, որը մենք մոռանում ենք կամ մոռացնում են։ Սրա հետ առնչվելը սարսափելի է․ ինչպես կարող եմ ես ապրել, երբ գիտեմ, որ ինձ համար իմ սիրելի եղբայրները կյանքի գնով են վճարել։ Մենք, ազգովի լծված լինելով հայրենական պատերազմի, տեսիլքն ու ակնկալիքը, ձգտումը և ցանկությունը, մղումն ու զոհաբերությունը ունեինք միայն հաղթանակի ելք տեսնելու։ Դժբախտաբար մենք պարտության դառն ճաշակն ունեցանք։ Անկախ մեր կամքից, անկախ մեր ցանկությունից, անկախ մեր տղաների՝ զոհաբերության մղվելու անհագ ցանկությունից մենք պարտվեցինք։ Մեր պատմությունը դարձավ մեր հերոսների անհատական պատմությունը և ոչ թե մեր հավաքական նկարագիրը, մեր տղաների պատմությունը, ովքեր երբեք թիկունքով չդարձան թշնամուն, այլ մեկնեցին հաղթանակի տեսիլքով։ Մենք իրենց, հենց իրենց հաղթանակ ենք պարտք, մենք իրենց երկիր ենք պարտք, մեր գոյությանն ենք պարտք երկիր։ Ովքեր չեն մտածելու սրա մասին ամեն օր՝ առավոտյան արթնանալիս կամ գիշերն անկողին մտնելիս (եթե կարողանում են), և իրենց աղոթքն ու մղումը և ինքնակրթությունը չպիտի լինի այդ պարտքը վերադարձնելը, նրանք ոչ գոյություն ունեն մեր կյանքում, ոչ էլ կապ ունեն մեր կյանքի հետ։ Ինչ ծանրություն կա այսօր մեր ուսերին և գիտակցության մեջ։ Ո՞րն է մեր երազը։ Ի՞նչ երազ պետք է ունենա հայ մարդը՝ մեծ տուն ունենա՞լ, մեծ մեքենա ունենա՞լ, լավ հաց ունենա՞լ, լիքը սառնարան ունենա՞լ։ Սրա հետ չպիտի կապված լինեն մեր երազները, սրանք հարակից երևույթներ են, որոնք մի օր կլինեն, մի օր չեն լինի։ Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու հետ, արժանապատվությամբ ապրելու հետ, հայի նկարագիրը, որի մեջ կեղծիք ենք դրել, սուտ ենք դրել, ինքնաարդարացում ենք դրել, այս նկարագիրը մաքրելու հետ, մեր եղբայրության հետ, մեր՝ մեկ տեսիլք ունենալու հետ, մեկ հայացք, մեկ սեր, մեկ աղոթք, մեկ հավատք, մեկ ճանապարհ, մեկ տունունենալու հետ։ Սա է մեր տղաների պատգամը։ Ես ամեն օր իրենց այդպես եմ լսում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր