ՌԴ ԱԳՆ-ն կարևորում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության թուլացումը, սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հրատապ մեկնարկը: Այս մասին ասված է ԼՂ-ում կրակի ու մարտական գործողությունների ավարտի մեկամյակի առթիվ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական ողջ աջակցությունը ցուցաբերել: Կարևոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուղղությամբ, առաջին հերթին` տարածաշրջանի առաջ կանգնած սոցիալ-տնտեսական ու հումանիտար հարցերի լուծման համատեքստում: Պահանջված է նաև ԿԽՄԿ, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներդրումը

Ամեն կերպ պատրաստ ենք նպաստել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու ենք խաղաղ նախաձեռնություններին` ուղղված Հարավային Կովկասում տնտեսական զարգացման, անվտանգության, կայունության ապահովման հարցերի լայն շրջանակի շուրջ բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը: Պատրաստ ենք նաև աջակցել ՀՀ և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությանը,, դա տեղի կունենա ՌԴ մասնակցությամբ` նպատակ ունենալով հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև ձևավորել վստահության մթնոլորտ:

Մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասի և հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման օգտին»: