Մենք պետք է իրոք դասեր քաղենք այն 30 տարվա ճանապարհից, որը մենք անցանք, եւ որը մեզ բերեց այս հրադադարի համաձայնագրին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ ուզում գնահատականներ տալ, որովհետեւ գնահատականները հայտնի են: Կարող եմ ասել, որ սա եւս մեկ հնարավորություն է մեզ համար վերաիմաստավորելու եւ առաջ գնալու հմար՝ մեր սխալների վրա սովորելուց հետո:

Մենք դեռ երկար պետք է վերլուծենք, մենք չենք կարող այս մեծ ցավին մատների արանքով նայել, որովհետեւ մենք շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար: Շատ երկար դեռ պետք է նայենք, վերհիշենք, հասկանանք, եւ այդ առումով շատ կարեւորում եմ Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որը  մեր կողմից առաջ քաշվեց եւ պետք է ստեղծվի: Այդ աշխատանքը շատ կարեւոր է, որի արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ մեր պետության ապագայի համար»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Քննիչ հանձնաժողովը պետք է արդյունք ունենա եւ կոնկրետ գործողություններով զբաղվի:

«Հանձնաժողովի գործունեությունը կսկսվի շուտով, երբ մենք կհասկանանք, որ հանձնաժողովի աշխատանքի համար որեւէ խոչընդոտ գոյություն չունի: Հանձնաժողովը միանշանակ աշխատելու է»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով կարող է Քննիչ հանձնաժողովն օբյեկտիվ լինել, երբ այնտեղ կարող է ընդգրկված լինել, ասենք Սամվել Բաբայանը, որն այդ ժամանակ եղել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը, Ալեն ՍԻմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է օբյեկտիվ քննություն չիրականացվի: Հանձնաժողովն ազատ է հրավիրել բոլորին: Հրավիրյալների ցանկը շատ մեծ է լինելու: Վստահ եմ, որ շատ արդյունավետ աշխատանք։ է լինելու: Մեծ հաշվով, շատ ու շատ բաներ արդեն հայտնի են: Հանձնաժողովի աշխատանքը շատ ավելի փաստարկված ձեւով արդեն կհիմնավորի այն, ինչն արդեն հնչել է թե նախընտրական, թե հետընտրական փուլում»: