Ֆրանսիայի իշխանությունները կարող են պարտադիր դարձնել նոր կորոնավիրուսի դեմ վերապատվաստումը։ Այս մասին ուրբաթ հայտնել է RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով երկրի կառավարության աղբյուրները։ Ըստ ռադիոկայանի՝ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է դիմել երկրի ժողովրդին։

Պետության ղեկավարը նաեւ «կարող է պարտադիր դարձնել [COVID-19] պատվաստանյութի երրորդ դեղաչափը»,-տեղեկացնում է RTL-ը։

Այս միջոցը կարող է ազդել առաջին հերթին բնակչության առավել խոցելի հատվածի վրա։ Ռադիոկայանն ընդգծում է, որ Եվրոպայում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վատթարանում է։ Շատ երկրներում գրանցվել է համաճարակի հինգերորդ ալիքը։ Միեւնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանում է, որ մայրցամաքում մինչեւ ձմռան վերջ COVID-19-ը կարող է ընդհանուր վիճակագրությանը ավելացնել մինչեւ կես միլիոն մահ։