Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Ա. Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու կարևորագույն գործընթացում:
Պարոն Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թեև սա մեր առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից. շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք».- ասել է նա և հավելել, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջև «Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող Հայաստանի պետական օրենսդրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ» 2021-2022 թթ. Գործողությունների Պլանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կապի և կանխարգելման բաժնի պետ Դարկո Ջորդանովը, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովը, անվտանգության և ապահովության հարցերով զբաղվող մասնագետ Էմմա Մկրտչյանը: