00:00:00

Տղայիս ջերմությունը 39 էր, դեղը չէր օգնում. «Տաշիր պիցցայի» սննդից թունավորվածների թիվն իրականում ավելի մեծ է

21:28, 05 նոյեմբեր 2021 Պատահարներ

«Տաշիր պիցցա» սննդային ցանցում սննդից թունավորված եւ հիվանդանոցում գտնվող՝ 15 քաղաքացիներից բացի, նաեւ տնային պայմաններում բուժվողներ կան։ NEWS.am-ը տեղեկություն է ստացել այդպիսի 3 քաղաքացու մասին, որոնք, թեեւ վատառողջ լինելուն, հիվանդանոց դեռ չեն դիմել։ Նրանք նույնպես սնվել են ցանցի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում, որտեղ եւ գրանցվել է հայտնի դեպքերի մեծ մասը, նույն օրը՝ նոյեմբերի 3-ին։ Թունավորվածներից երկու երիտասարդների մայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ թե իր զավակները, թե նրանց ընկերը երեկ ամբողջ օրը վատ ինքնազգացողություն են ունեցել, եւ միայն այսօր, թունավորման դեպքերի մասին լսելուց հետո հասկացել են, որ իրենք նույնպես թունավորվել են «Տաշիր պիցցայի» սննդից։ «Երեկ ամբողջ օրը վատ էին զգում, դեղ էի տալիս երեխաներին, բայց չէր օգնում,  չէի կարողանում հասկանալ խնդիրն ինչն է, ամբողջ գիշեր էս սենյակից էն սենյակ եմ վազել։ Տղայիս ջերմությունը 39 էր, երկու հաբ պարացետամոլ տվեցի, երկու ժամ հետո ասում է՝ վատ եմ, նորից չափեցի, ջերմությունը 39, 4 էր։ Անհեթեթ բաներ էր խոսում, հարցնում եմ՝ ինչ ես խոսում, ասում է՝ ոչ մի բան, հասկացա, որ տենդից է էդ վիճակում, բայց չպատկերացրեցի, որ սննդից է, մտածեցի COVID է, բայց  հնարավոր չէր, որ նույն օրը երեքի մոտ էլ նույն ախտանիշները ի հայտ գային։ Հասկացա, որ սննդից է, իսկ առավոտյան, երբ կարդացի լուրերը, արդեն պարզ էր, որ «Տաշիր պիցցայում» սնվելու հետեւանք է»,– պատմեց կինը։ Երիտասարդները երեք հոգով են եղել՝ 19-ից 22 տարեկան։ Երեքն էլ հաջորդ օրվանից ունեն   սրտխառնոց, փորլուծություն, մարմնի ուժեղ ցավ, բարձր ջերմություն։ Նշենք, որ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, որ  «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։ Նրանցից երկուսը  երեխաներ են՝ 10 եւ 13 տարեկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր