«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը գնում է հողերի օտարման գործընթացի մասին. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձևական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։

Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։

Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու այս ամիսներին պատգամավորական գործունեությամբ աչքի չընկած Իշխան Զաքարյանը պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։

Քրեական գործի հարուցման վերաբերյալ տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձել է ճշտել նաև պաշտոնական աղբյուրներից, սակայն առաջարկել են դիմել գրավոր հարցմամբ։

Կայքի ոչ պաշտոնական տեղեկություններով՝ գործը հարուցվել է խախտումներով, քանզի այդ ընթացքում Զաքարյանն արդեն ունեցել է անձեռնմխելիության կարգավիճակ, իսկ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է անձեռնմխելիության հաղթահարում, որն այս դեպքում չի ապահովվել։

Գրեթե նույն մեխանիզմն է, ինչը գործեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պարագայում, որին ևս իշխանությունները «վերբովկա» արեցին՝ քննվող քրեական գործերի միջոցով։