ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ երկրում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո լարվածությունը «փողոցում» նվազեց եւ տեղափոխվեց օրեսնդրական մարմին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իսկապես, մեզ մոտ ճգնաժամային ժամանակ էր այն բանից հետո, երբ սկսվեց հրադադարն ու կանգնեցվեց պատերազմը։ Շնորհակալություն Ռուսաստանին։ Բայց սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք դարձան անկայունության աղբյուր երկրում»,- ասել է Սարգսյանը «Россия-24» հեռուստաալիքում, Կիրիլ Վիշինսկու «1/6» ծրագրի եթերում։ Նրա խոսքով՝ նա տարբեր քաղաքական ուժերին, վարչապետին ու նրա կուսակցությանը բացատրել է, որ նորմալ, կայուն, դեմոկրատական երկրում, ինչին ձգտում է Հայաստանը, նման իրավիճակները լուծվում են ընտրությունների ճանապարհով։

Նախագահը հավաստիացրել է, որ իր առաջարկը եղել է ավելի համալիր, նա կարծում է, որ Հայաստանը պետք է փոխի չհավասարակշռված սահմանադրությունը, որտեղ բավարար չեն վերահսկման կամ զսպման լծակները։ Բայց, Սարգսյանի խոսքով, առաջարկը մասամբ է ընդունվել, տեղի ունեցան ընտրություններ։ «Ես ուրախ եմ դրա համար, մենք երկար խոսակցություն ենք ունեցել վարչապետի հետ։ Ընտրությունները տեղի ունեցան, եւ սկզբունքորեն, կարող եմ հաստատ ասել, որ լարվածությունը փողոցում դրամատիկորեն նվազեց։ Այսինքն՝ այդ լարվածությունը տեղափոխվեց խորհրդարան»,- նշել է Սարգսյանը։