ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի, ծածկռտուքի, կրակոցների և խուլիգանության մասին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Քոթանջյանը իր ընկերների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ գտնվելիս են եղել Բագրևանդ փողոցի  1/1  հասցեում գործող «Դոն Ֆիշ»  ռեստորանային համալիրում:

Այնտեղ  հարևան սեղանին  եղել են նաև Երևանի բնակիչներ, 29-ամյա Սարգիս Վարդանյանը, 28-ամյա Սերժ Վարդանյանը,  ինչպես նաև նրանց հետ դեռևս չպարզված մեկ քաղաքացի:

Վերջիններս սեղանի շուրջ նստած խոսելու ժամանակ բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ են արել, ինչն էլ լսելով, Ս. Քոթանջյանը  դիտողություն է արել նրանց, որը վերածվել է  վիճաբանության: Այնուհետև օպերատիվ տվյալներ են ստացվել որ Ս. Քոթանջյանը իր 2 ընկերների հետ Սայաթ-Նովա 12 շենքի մոտ հանդիպել է Սարգիս Վարդանյանին, ապա ծեծի ենթարկել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ի սահմանում, Ս. Վարդանյանը, վարելով Mercedes GL մակնիշի ավտոմեքենան, պատահաբար հանդիպել է Ս. Քոթանջյանի ընկեր, Երևանի բնակիչ, 26-ամյա Սամվել  Ղազարյանին: Վերջինս եղել է Kia  մակնիշի ավտոմեքենայով: Ս. Վարդանյանը փորձել է կանգնեցնել նրան, ապա վերջինիս հետապնդելով՝ դիտավորությամբ հարվածել է  Kia-ին, սակայն այդ ժամանակահատվածում Ս. Ղազարյանը հեռախոսակապ է հաստատել Ս. Քոթանջյանի հետ, հայտնել կատարվածի մասին, ով էլ վերջինիս ասել է, որպեսզի չկանգնի և փախուստի դիմելով, անմիջապես գնա իր բնակության հասցե: Ս. Վարդանյանը հետապնդել է  Ս. Ղազարյանին, սակայն վերջինիս հաջողվել է հասնել Ս. Քոթանջյանի տան մոտ, որտեղ  Ս. Քոթանջյանը, նրա հայրը՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Արայիկ Քոթանջյանը և նրանց մոտ որպես թիկնապահ աշխատող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ծատուրյանը նախապես զինված դիմավորել են Ս. Ղազարյանին և նրան հետապնդող Ս. Վարդանյանին: Ապա իրենց մոտ եղած դեռևս չպարզված զենքերով կրակոցներ են արձակել հետապնդվող ավտոմեքենաների ուղղությամբ, ովքեր էլ կրակոցներից խուսափելու համար դիմել են փախուստի:

Աղբյուրը հայտնումէ , որ Ս. և Ս. Վարդանյանները «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդիներն են, իսկ Ա. Քոթանջյանը Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները  պարզելու, կասկածյալներին, նրանց ավտոմեքենաներն ու հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: