00:00:00

Քովիդից մահացածների տվյալներն ամբողջական չեն, մենք ավելի մեծ ողբերգության մեջ ենք. Թագուհի Թովմասյան

21:00, 04 նոյեմբեր 2021

Առողջապահության նախարարությունը քովիդից մահացածների տվյալները կազմում է բացառապես այն հիվանդանոցների տվյալների վրա, որոնք սպասարկում ենք քովիդով հիվանդների, այսինքն՝ քովիդով հիվանդների բաժանմունքների տվյալներն են հաշվառվում, բայց մենք գիտենք, որ շատ հիվանդներ մահանում  են տանը, նաև այլ հիվանդանոցներում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա նշեց, որ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները չեն ամփոփում ամբողջ պատկերը։ «Ավելի մեծ ողբերգության մեջ ենք մենք, քան մեզ ներկայացնում են։ Այս առումով գրավոր հարցում եմ ներկայացրել Կառավարություն, որպեսզի պարզաբանեն, թե ինչու են խառնել այս վիճակագրությունը և ինչպես է ստացվում, որ ունենք այսպիսի իրավիճակ։ Ունեն պատասխան, որ ձևավորվել է հանձնաժողով այս սխալները ուղղելու համար։ Մինչև դեկտեմբեր Առողջապահության նախարարությունը պետք է շտկի սխալները և մեզ ասի 2020թ․ քանի մարդ է մահացել քովիդից։ Այն, ինչ կա, իրական չէ»։ Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ պատվասման ցուցանիշներով Հայաստանն այս պահին ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է։«Սա խոսում է Կառավարության նկատմամբ անվստահության մասին։ Որ ասում են` մեզ վստահել են, մեզ ընտրել են, եթե Ձեզ վստահում են` կգնային և կպատրաստվեին։ Կառավարությունը պարտավոր է հասկանալի լեզվով մարդկանց բացատրել ինչ է տալու չպատվաստվելը»։ Նա նաև անդրադարձավ անհետ կորած զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիաներին և նրանց պահանջներին։ «Մենք որևէ հարցում ստույգություն չունենք, մինչև հիմա մեր զոհերի թիվը, անունները չի հրապարակվել։ Պաշտպանության նախարարությունը չի հրապարակել ամբողջական թիվը։ Նույն վերաբերմունքն է անհետ կորածների և գերիների մասով։ Եթե չունենք պատկերացում, թե քանի հոգու մասին է խոսքը, բնականաբար չունենք պատկերացում նաև այդ խնդիրների լուծման մասով։ Ցավով եմ նշում, որ անհետ կորածների հարցը երկար ժամանակ մնալու են չլուծված և չկա Կառավարությունում մեկը, որը ծնողներին կասի դառը իրականությունը և դրա համար կկրի նաև պատասխանատվություն»,– ասաց նա։ Անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարությունները պաշտոնական գերատեսչությունների կողմից հերքելու գործելաոճին, Թագուհի Թովմասյանր նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանի ցանկացած հայտարարության և զեկույցի տակ ստորագրում եմ, որովհետև Արման Թաթոյանի ցանկացած բարձրաձայնում ահազանգ է, որոնք ուղղված են համայն հայությանը և բոլորիս շահերը սպասարկելու։ Ես զարմանում եմ, թե ինչու են ՊՆ-ն, ԱԽՔ-ը հերքում Արմեն Թաթոյանին, ի՞նչն եք հերքում։ Ասում են` Հայաստանի տարածք չի ներխուժել Ադրբեջանը, Հայաստանի տարածքում կոմունիկացիաներ չի կառուցել, սուտ եք ասում, կառուցել է։ Ադրբեջանցիները մտել են հայկական տարածք և դիրքավորվել են, և՛ ճանապարհ են կառուցում, և՛ հենակետեր են դնում։ Արման Թաթոյանին թիրախավորելն ամոթ է։ Ստացվում է մենք չունենք պետական շահի գիտակցում։ Փոխանակ ՊՆ-ն, ԱԽՔ-ն օգտվեն Արման Թաթոյանի հրապարակած տեղեկությւոնից, հերքում են։ Պատկերացրեք Եվրադատարանում գործ է քննվում ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ, Ադրբեջանը կարող է բերել մեր ՊՆ-ի հայտարարությունը, որով հերքում են, որ ներխուժել են, հետևաբար Եվրադատարանը մերժելու է մեր ցանկացած դիմում»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր