00:00:00

ԱԳՆ. Անհրաժեշտ է կշռադատել առկա բոլոր ռիսկերն ու հեռանկարները «3+3» ձեւաչափի մասով

18:06, 04 նոյեմբեր 2021

Տարածաշրջանային համագործակցության ձեւաչափերը չպետք է կրկնօրինակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։ Փոխնախարարը փաստեց, որ իրավիճակը տարածաշրջանում փոխվում է։ «Ստեղծվում են փոխգործակցության եռաստիճան ձեւաչափեր։ Մենք առաջարկներ ենք ստացել մասնակցելու տարածաշրջանային հարցերի քննարկումներին տարբեր պլատֆորմներում, այդ թվում եւ «3+3» ձեւաչափում»,- տեղեկացրեց Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ ստացված բոլոր առաջարկները քննարկվում են։ «Առայժմ վաղ է խոսել որեւէ կոնկրետ որոշման մասին։ Ես անհրաժեշտ եմ համարում կշռադատել առկա բոլոր ռիսկերը եւ հեռանկարները, ինչպես նաեւ միասնական մոտեցում ցուցաբերել հարցին։ Մեր առաջնահերթությունն է ազգային եւ պետական շահերի պաշտպանությունը։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի համագործակցության այդ տարածաշրջանային ձեւաչափերը չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցող ձեւաչափերը, մասնավորապես՝ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ընդգծեց ԱԳՆ ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր