00:00:00

Մանվել Գրիգորյանի սանիկը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանից իրեն առաջադրելու համար․ թեժ ընտրություններ Արթիկում

20:13, 03 նոյեմբեր 2021

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով յոթ կուսակցություն է գրանցվել։ Ընտրապայքարին մասնակցում են՝ «Ազատական» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն, «Ապրելու երկիր», «Հանրապետություն»  կուսակցությունները, ինչպես նաև «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Միասնական Արթիկ» դաշինք-ը։ Սպասվում է, որ այս համայնքում բավականին թեժ ընտրություններ են լինելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արթիկի համայնքապետի թեկնածու առաջադրել է Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը։ Վերջինս ԵԿՄ անդամ է։ Ուշագրավ է, որ իշխանությունը այս համայնքում քաղաքապետի թեկնածու է առաջադրում Մանվել Գրիգորյանի սանիկին։ Ինչպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեղադրելով Մանվել Գրիգորյանին «տուշոնկաների» գողության և այլ հանցավոր արարքների մեջ, պայմանավորվածություն է ձեռք բերում վերջինիս սանիկի հետ։ Irakanum.am-ի  հետ զրույցում Անանիկ Ոսկանյանն ասաց, որ իշխանությունը նախընտրել է առաջադրել իր թեկնածությունը, ինքն էլ համաձայնել է։ «Ես 2008 թվականից աշխատում եմ համայնքի ղեկավար, մինչ օրս էլ աշխատում եմ համայնքի ղեկավար։ 2018 թվից  հետո ես էլի աշխատում եմ չէ՞, իշխանության հետ եմ աշխատում ճիշտ է՞։ Եթե մենք մինչ օրս աշխատում ենք, այսինքն ինչ կար որոշելու էդտեղ, ում պարզ չէ, որ այսօրվա իշխանությունները գործող իշխանություններն  են, ես էլ գործող համայնքապետ եմ։ Համայնքի ղեկավարներով ընդհանուր որոշում ենք կայացրել, որ ձևավորենք մի հատ այնպիսի թիմ, որ մասնակցություն ունենանք  էսօրվա ընտրություններին, մեր տարիների աշխատանքը համայնքների զարգացումը պաշտպանելու համար ուզեցել ենք, որ  մասնակցենք ընտրությունններին։ Իշխանությունն էլ հավանություն է տվել, որպեսզի մենք միասին մասնակցենք ընտրություններին, շնորհակալ ենք, որ մարդիկ ընդառաջ գնացին մեր ձրավորված ֆորմատին։ Մենք ուզում ենք պաշտպանել մեր տարիների աշխատանքն ու մասնակցենք հետագայում զարգացումներին»,- ասաց Անանիկ Ոսկանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք իշխանության հետ համագործակցել և գլխավորել ՔՊ-ի ցուցակը։ Մեր հաջորդ հարցին, թե դուք Մանվել Գրիգորյանի սանիկն եք, իսկ իշխանությունը բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց Գրիգորյանի հասցեին, հարուցվեց քրեական գործ․․․ Անանիկ Ոսկանյանն արձագանքեց․ «Ես հիմա էլ եմ Մանվել Գրիգորյանի սանիկը, հավերժ փառք նրան, ես հպարտ եմ, որ Մանվել Գրիգորյանի սանիկն եմ, մեր Արցախի հերոսի, մեր զորավարի»։ Անդրադառնալով իշխանությունների՝ Մանվել Գրիգորյանին ուղղված մեղադրանքներին, սանիկ- գյուղապետն ասաց․ «Դրա համար գոյություն ունի դատարան, դատարանը բոլոր հարցերի պատասխանը կտա»։ Նշենք, որ «Միասնական դաշինքի» քաղաքապետի թեկնածուն, գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն է։ Տեղեկությունների համաձայն իշխանությունն իսկզբանե ցանկություն է ունեցել վերջինիս առաջադրել խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն Վարագյանը մերժել է։ Մենք փորձեցինք մեկնաբանություն  ստանալ նաև Մխիթար Վարագյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր