00:00:00

Առանց այդ պաշտոնների լվացք չեն կարողանալու անել. Մեղրիի ՔՊ–ական թեկնածուն՝ «Հանրապետության» հետ հակասությունների մասին

02:29, 03 նոյեմբեր 2021

Ընտրություններից 16 օր անց Մեղրիում դեռ չի ձեւավորվել համայնքային իշխանությունը։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 քաղաքական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չէր կազմել, հետեւաբար համայնքային իշխանությունը պետք է ձեւավորվեր քաղաքական ուժերի կոալիցիայի միջոցով, ինչը մինչեւ այս պահը տեղի չի ունեցել։ Մեղրիի ՏԻՄ ընտրություններում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է, որն ունի 6 մանդատ, մեծամասնություն ձեւավորելու համար պակասում է երկուսը, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 5 մանդատ, իսկ «Ապրելու երկիր» եւ «Ազատական» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատներ։ Ավագանու առաջին նիստը դեռ չի կայացել եւ պարզ էլ չէ՝ երբ այն կկայանա։ NEWS.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար Արարատ Թումանյանը, որը իշխող թիմի համայնքապետի թեկնածուն է, ասաց, որ այս պահի դրությամբ քաղաքական ուժերի միջեւ քննարկումները շարունակվում են։ «Հիմա բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումներ, բանակցություններ են տեղի ունենում՝ կոալիցիա կազմելու կամ չկազմելու վերաբերյալ»,– ասաց համայնքապետի պաշտոնակատարը։ Արարատ Թումանյանը անձամբ խոսել է բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ, բացի «Հանրապետությունից»։ ««Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը զանգել էր ՔՊ՝ խնդրանքով, որ «մենք մեկ մանդատով ձեզնից ավել ենք, ոչ մի ուժի չի հաջողվել մեծամասնություն կազմել, եկեք մեր ավագանու ցուցակից ընտրեք համայնքապետ»։ Ինձ զանգեցին ՔՊ–ի էլիտայից, ես համաձայնեցի, բայց մի պայմանով, որ համայնքապետի  տեղակալի եւ կոմունալ ծառայության պետի հաստիքները մերը պետք է լինեն։ Ես չէի հավակնում այս պաշտոններին, որովհետեւ ինքնաբացարկ էի հայտնելու»,– ասաց իշխող ուժի Մեղրիի համայնքապետի թեկնածուն։ Արարատ Թումանյանը պատմեց, որ Արամ Սարգսյանն այս առաջարկին համաձայնել է, բայց երբ այդ մասին տեղեկացրել է «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանին, նա չի համաձայնել։ «Արամ Սարգսյանը ողջունում, ուրախանում է, անգամ բարձրաձայնում է, որ մենք բան չենք ուզում, մինչդեռ գրեթե կեսը պետք է ուզեինք, զանգում է Բագրատ Զաքարյանին, ասում, որ սենց քննարկումներ է ունեցել եւ որոշում կայացրել։ Անգամ ինձ նորից զանգեցին, որ ես վերահաստատեմ՝  թիմիս անդամներն ի՞նձ հետ են, համակարծի՞ք են, ես վերահաստատեցի իմ խոսքը, որպեսզի ոչ մեկի կողմից չդիտարկվի, որ մենք պաշտոնամոլությամբ ենք տառապում, այլ ուզում ենք համայնքը ճիշտ ղեկավարման գնա։ Արամ Սարգսյանը երբ զանգում է Բագրատ Զաքարյանին, նա չի համաձայնում, որովհետեւ սրանք գցում– բռնում, ասում են՝ ոչ, Արամ Սարգսյանը մնում է զարմացած, ասում է՝ ի՞նչ է նշանակում ոչ, ասում են՝ որովհետեւ պետք չի իրենք խառնվեն մեր ներքին «կուխնյային»։ Արամ Սարգսյանի լեզուն կարճանում է մերոնց մոտ, էն առումով, որ իր խոսքը գետնով են տվել»,– պատմեց Արարատ Թումանյանը։ Արարատ Թումանյանը վստահ է՝ Բագրատ Զաքարյանն իրենց առաջարկը մերժել է շահադիտական նկատառումով. «Որովհետեւ այս մարդիկ հասկանում են, որ կոմունալ ծառայության պետի ու համայնքապետի տեղակալի պաշտոնն իրենց ձեռքը չլինելով՝ ոչ մի լվացք չեն կարողանալու անել, իսկ մեր քաղաքական սկզբունքն այն է, որ Մեղրիում ինչ արվի՝ միայն մեր համայնքի բարօրության համար արվի։ Եթե մաքուր ես, քեզ ինչ է խանգարում, թե կոմունալ ծառայության պետն ով պետք է լինի։ Քեզ համար ինչ տարբերություն՝ տեղակալդ ով պետք է լինի եւ հատկապես, որ մենք ավելի կատարյալ ենք կատարում, քան որեւէ ժամանակ եղել է կոմունալ ծառայության սպասարկումը»։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճնշումներ է գործադրում քաղաքական ուժերի ավագանու տարբեր անդամների վրա, որպեսզի մեծամասնություն ձեւավորեն։ «Մենք այդպիսի տեղեկություներ ունենք, իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել»,– ընդգծեց Անի Խաչատրյանը։ Ի պատասխան Արարատ Թումանյանն արձագանքեց. «Եթե որեւէ մեկի կողմից կամ որեւէ մեկի հանդեպ ճնշում կա, ես խնդրում եմ թող գան ու անուն ասեն։  Սա շատ լավ շանս է ՔՊ–ին պախարակող ուժերի համար, որ տվյալ մարդուն ջրի երես հանեն, լավ առիթ է, ինչո՞ւ չեն օգտագործում այդ առիթը, միթե չի երեւում, որ այդպիսի բան չի կարող լինել»։ Արարատ Թումանյանը պատմեց նաեւ, որ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու կին թեկնածուն պատրաստակամություն է հայտնել քվեարկել իր օգտին։ «Ես իրեն դեմքով չեմ տեսել, զանգել է մեր թիմի անդամներից մեկին ու ասել՝ «ես էսքան ստորություն որ սրանցից եմ տեսել, ես ընտրելու եմ ձեր թեկնածուի օգտին»։ Նա ասել է, որ խաբված է իրեն զգում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանի կողմից։ Խաբել են էն առումով, որ սկզբից չեն ասել, որ միանալու են Բագրատ Զաքարյանենց»,– հավելեց Արարատ Թումանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունից մեր զանգերին չպատասխանեցին, իսկ «Ազատական» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանն ասաց, որ իրենք երեք ուժերի հետ էլ քննարկումներ ունեցել են, սակայն նրանցից որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր