Լոռու մարզի Ստեփանավան համայնքում համամասնական ընտրություններին երեք կուսակցություն է մասնակցելու՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Քաղաքացիական պայմանագիր»։

ԲՀԿ ընտրական ցուցակը ղեկավարում է Հարություն  Ղարագյոզյանը։ ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, ՔՊ-ինը՝ Ստեփանավանի համայնքապետարան, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։

Ներկայացնում ենք Irakanum.am-ի հարցազրույցը ԲՀԿ ցուցակը գլխավարող Հարություն Ղարագյոզյանի հետ։

Նախընտրական քարոզարշավն ինչպե՞ս եք մեկնարկել։

Քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 20-ից։ Մեկնարկը մենք մեր թիմով տվել ենք Ստեփանավան համայնքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցուց, օրհնություն ենք ստացել և այդտեղից սկսել ենք մեր նախընտարական  քարոզարշավը։

Ինչպե՞ս է այն ընթանում։

Շատ նորմալ պայմաններում։ Փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, ուղղակի նկատում եմ, որ մարդիկ շատ ընկճված են, պասիվություն եմ զգում ուղղակի, որովհետեւ մարդիկ դառել են անտարբեր, չեն հավատում ոչ մեկին, հիասթափություն է զգացվում ժողովրդի մեջ։ Այս հիասթափության պատճառով էլ կարծում եմ կլինի, որ չմասնակցեն ընտրություններին։

Ինչի՞ց են հիասթափված։

Միշտ տրվել են խոստումներ, որոնք չեն կատարվել, տեսնում են երկրի վիճակը, հատկապես պատերազմից հետո, հաճարակի պայմաններում։ Շրջում եմ բակերով, զրուցում բնակիչների հետ հիասթափություն կա մարդկանց մոտ։

Քարոզարշավների ժամանակ ավելի շատ թեկնածուները ոչ թե ծրագրերց ու իրենց անելիքներից են խոսում, այլ փորձում են վատաբանել մյուսին։ Ստեփանավանում այդ առումով ինչ իրավիճակ է։

Ստեփանավանում այդպիսի  բաներ գոյություն չունի, վատաբանել, «ցեխ շպրտրել» մեկս մյուսի ուղղությամբ չկա։ Յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր նախընտրական ծրագիրը, մեր գաղափարները ոչ մի այդպիսի խոսակցություն, ինչ-որ վիրավորանքներ չկան։

Պարոն Ղարագյոզյան ինչ ձևաչափով եք ներկայացնում ձեր ծրագրերը։

Բակային հանդիպումներ եմ ունենում, հանդիպում եմ, զրուցում եմ, ներկայացնում եմ մեր ծրագրերը, ոլորտ առ ոլորտ, թե ինչ եք անելու գալու պարագայում։ Իրենք էլ ներկայացնում են իրենց ծրագրերը, շատ հանգիստ ընթանում է քարոզարշավը, չեք պատկերացնում կարծես Ստեփանավանում այսպիսի ընտրություն  երբեք չի եղել։

Իսկ բնակիչները ինչ խնդիրներ են բարձրացնում, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում։

Այսօր բնակչության առաջնային խնդիրը դա Ստեփանավան համայնքում աշխատատեղերի խնդիրն է։ Գործազրկության  մակարդակը բավականին մեծ է, խայտառակ վիճակ է։ Ներկայացնում ենք մեր ծրագրերը, խոսում քաղաքաշինությունից, տրանսպորտ, սոցիալ- տնտեսական իրավիճակ և այլն, մարդկանց չի հետաքրքրում։ Ասում են հասկանում ենք, բայց մենք ի վիճակի չենք մեր երեխայի համար հաց առնենք, խոսեք աշխատատեղերի մասին, այսինքն իրենք առաջնային են համարում աշխատատեղերի հարցը։

Ձեր շանսերն ինչպես եք գնահատում։

Իմ շանսերը չեմ կարող ասել գերգերազանց, չեմ կարող ասել լավ, միայն կարող եմ ասել, որ շանսերը ցույց կտա ամսի 14-ին։ Ես միայն խնդրում և հորդորում եմ ստեփանավանցիներին մասնակցել ընտրություներին, քանի որ յուրաքանչյուր քվե խիստ կարևոր է, որպեսզի Ստեփանավանում ունենանք ճիշտ և կատարյալ ընտրություն։

Հավելենք, որ Ստեփանավանում քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին։  Այստեղ նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։

Irakanum.am