00:00:00

Քերոբյանը՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկի մասին

19:57, 02 նոյեմբեր 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն է, անդրադարձավ Մայր Աթոռի՝ հունվարի 5-ը և 7-ը աշխատանքային պահելու առաջարկին: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան: Նախարարը նախ հիշեցրեց՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: «Ես փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա: Բայց, եկեղեցին և պետությունն անջատ են գործում, մենք, իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը չնշել, քանի որ դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն: Եթե մի կողմից նրանք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաև մեզ օգնեն և առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, որոնք որևէ հոգևոր նշանակություն չունեցող օրեր են»,-ասաց Քերոբյանը: Նա վստահեցրեց, որ իրենց աշխատանքում փորձում են գտնել այն ճիշտ բալանսը:  Նախարարը շեշտեց՝ կարևորագույն հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են, օրինակ` Սուրբ Ծնունդը: Անդրադառնալով հարցին, եթե Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագը սկսվում է ժամը 17:00-ին, բայց աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, քաղաքացին ինչպե՞ս մասնակցի՝ նա ասաց. «Ես չեմ ճանաչում որևէ գործատուի, որը չի թողնի, որ իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե նրանք նման ցանկությունն ունեն: Դա աշխատանքային հարաբերություններով շատ հանգիստ կարգավորվող բան է»: Ըստ Քերոբյանի՝ Ամանորյա տոների հանգստյան օրերը հանելով՝ կառավարությունն անուղղակիորեն ստիպում է, որ գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որոնք պետք են, որ մարդը կարողանա նորմալ վերականգնվել տարվա ընթացքում: «Մենք ուժեղացնելու ենք ճնշումն այդ ուղղությամբ, որ աշխատողների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,-ասաց նա: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Սակայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություն անել և ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր