00:00:00

Հայ-չինական համագործակցության նոր հեռանկարներ. ԵՊՀ-ում հյուրընկալել են ՉԺՀ դեսպանին

19:39, 02 նոյեմբեր 2021

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր ուղիներ և հեռանկարներ: ԵՊՀ-ից հայտնում են, որ դեսպանի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը: Ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն համագործակցում է Չինաստանի մի շարք բուհերի հետ ու պատրաստակամ է հաստատելու և զարգացնելու գործընկերային նոր հարաբերություններ, որոնք մի կողմից կնպաստեն հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, մյուս կողմից՝ էլ ավելի բարձր մակարդակի կհասցնեն երկու երկրների միջև գիտական հաղորդակցությունը: Ներկայացնելով ԵՊՀ-ում իրականացվող կրթական և հետազոտական, ինչպես նաև դրանք առավել արդյունավետ դարձնելու ծրագրերը՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն տեղեկացրեց, որ համալսարանում գործում են Չինագիտության ու Չինարենի և չինական մշակույթի կենտրոններ, որոնց նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է: ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգն ընդգծեց Հայաստանի ամենահին և ամենամեծ համալսարանի հետ համագործակցության անհրաժեշտությունը երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու գործում: Նա կարևորեց ԵՊՀ-ի և Չինաստանի բուհերի միջև հաստատված փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կընդլայնվի: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ուղիներ, որոնք փոխանակման ծրագրեր, երկու բուհի դասախոսների փոխայցելություններ, ակադեմիական և մշակութային համատեղ միջոցառումներ և այլ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կընձեռեն: Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց նաև կրթական այն ծրագրերը և ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրել չինացի ուսանողներին: Բացի դրանից՝ հանդիպմանը խոսվեց հայ-չինական հարաբերությունների առանձնահատկությունների, դրանց բազմակողմանի զարգացման հեռանկարների մասին: Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգն այցելեց ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան, ապա եղավ Չինագիտության ու Չինարենի և չինական մշակույթի կենտրոններում՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր