Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: «Արմենպրես»-ն այս և այլ հարցերի մասին զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ:

Տիկին Լույո, Դուք վերջերս եք ստանձնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, նախ մեր երկրից ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ և ի՞նչ անելիքներ եք տեսնում, որոնց ուղղությամբ առաջնային կերպով պետք է աշխատանքներ իրականացնեք Հայաստանում:

— Շնորհակալություն «Արմենպրես»-ին՝ հարցազրույց տալու հնարավորության համար: Իհարկե ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է այս նշանակումը Հայաստանում, որը ընդհանուր առմամբ Ֆրանսիայի մեծ բարեկամն է և մասնավորապես բարեկամը՝ տարածաշրջանում: Իմ այստեղ գալու հենց առաջին րոպեներից նկատել եմ երկկողմ հարաբերությունների այդ բարձր որակը այն ջերմ ընդունելիությունից, որին արժանացել եմ այստեղ: Եվ ես հանձնառու եմ հայ-ֆրանսիական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:

-Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, Դուք համանախագահող երկրի ներկայացուցիչն եք Հայաստանում: 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Լեռնային Ղարաբաղի պատերազմից արդեն մեկ տարի է անցել, սակայն Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, հրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված այլ անձանց: Ֆրանսիան որպես համանախագահող երկիր ի՞նչ դերակատարում կարող է ունենալ այց հարցում՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել պահվող անձանց: Ըստ Ձեզ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն այս հարցում, ի՞նչ դերակատարում կարող են ունենալ:

-Իհարկե ծանոթ եմ այս ցավոտ իրավիճակին: Եվ բնականաբար Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ցանկանում են հումանիտար միջոցների ձեռնարկում, իրավիճակի լարվածության նվազեցում և դեռ պահվող անձանց ազատ արձակում: Այս թեմային հետևում եմ ոչ թե ես կամ իմ գործընկերները՝ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում, այլ կա առանձին դեսպան, որը Մինսկի խմբում Ֆրանսիայի կողմից համանախագահն է, ով հետևում և զբաղվում է այս թեմայով: Ուրախ ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել են Մինսկի խմբի դերի կարևորությունն այս իրավիճակի կարգավորման հարցում: Նաև ուրախ ենք, որ տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Եվ Մինսկի խումբն աշխատում է կողմերի հետ, որպեսզի այլ նոր քայլեր արվեն՝ երկխոսության այդ գործընթացում: Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ բնականաբար հույս ունեմ, որ Մինսկի խումբը կօգնի կողմերին, որպեսզի նրանք առաջընթաց գրանցեն՝ իրավիճակի տևական կայունացման ուղղությամբ:

Տիկին դեսպան, Դուք ավելի վաղ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ, կարո՞ղ եք մանրամասներ հայտնել, ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը:

-Երևի այդ ժամանակ շատ հստակ չէի ձևակերպել խոսքս: Խոսքը բնականաբար Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ջանքերի մասին էր, որպեսզի կողմերին ուղեկցեն կարգավորման գործընթացում:

-Սակայն ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ պատրաստվու՞մ է:

-Հղում կանեմ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Մինսկի խմբի դերը տևական կարգավորման գործում կողմերին ուղեկցելն է: Մինսկի խումբն ինքը որևէ փաստաթուղթ չի գրում, խոսքը կողմերին ուղեկցելու և աջակցելու մասին է, որպեսզի գտնվեն տարածաշրջանում իրավիճակի տևական կայունացման լուծումներ:

-Ադրբեջանը պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է, ավարտված է, այնինչ, լուծման է սպասում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Այսպիսով Հայաստանը պնդում է, որ հարցը կարգավորված չէ: Ֆրանսիայի տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է:

-Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ ես Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը, համանախագահը չեմ: Եվ փաստորեն սրանք այն թեմաները չեն, որոնց հարցում ես ունեմ ուղիղ իրավասություն: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ լիովին տեղյակ եմ և գիտակցում եմ այն, թե ինչ ազդեցություն ունի այս իրավիճակը Հայաստանի բնակչության վրա: Հույս ունեմ, որ այն դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրվում են, շուտով կտան պտուղներ:

-Տիկին դեսպան, ինչպես նշեցիք, Դուք Մինսկի խմբի ներկայացուցիչը չեք և անմիջապես այս հարցով չեք զբաղվում, սակայն այս թեմայով վերջին հարցը կցանկանամ հնչեցնել: Մինչև օրս էլ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, ինչպե՞ս կգնահատեք ադրբեջանական կողմի այս գործելաոճը և ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Բնականաբար Ֆրանսիան կարծում է, որ կարևոր է հասնել սահմանի հստակ սահմանագծմանն ու սահմանազատմանը: Եվ մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ բնականաբար սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ: