00:00:00

Հարություն Հարությունյանը սպիտակ խալաթով, թե զինվորական համազգեստով իրեն համարում է ազգի զինվորը․ Մուրադյան

03:45, 02 նոյեմբեր 2021

Հարություն Հարությունյանը մանկուց է որոշել ընտրել բժշկի ուղին: «Ծնվել եմ բժիշկների ընտանիքում. այս նախադասությունն արդեն բացահայտում է բժիշկ դառնալու իմ պատմությունը: Շուրջ չորս տարի աշխատելով շտապ բուժօգնության ծառայությունում` որոշել եմ մասնագիտանալ նաև պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Այժմ համատեղում եմ աշխատանքը և ուսումը` սովորելով ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնում»,-նշում է նա:
Խոսելով բժշկի պատասխանատու աշխատանքի և մասնագիտության դժվարությունների մասին, Հարությունը նշում է.
«Բժշկին անհրաժեշտ հատկանիշները բազմաթիվ են. շատ երկար կարող եմ թվարկել, սակայն ինձ համար բժիշկը պետք է լինի ազնիվ, հոգատար ու նվիրված: Շատերը կասեն՝ իսկ բժշկական գիտելի՞քը... Բժիշկ ասելով ես արդեն պատկերացնում եմ բժշկական գիտելիքներով զինված մարդու, ով ամեն օր աստվածահաճո և ազգանվեր գործեր պետք է անի, բուժելով մարդկանց, կրկին կյանք պարգևի և երջանկություն նվիրի... Եվ այդ պատասխանատու ճանապարհը պետք է անցնի ազնվորեն, մեծ նվիրումով և հոգատարությամբ»:
Արցախյան վերջին պատերազմին «Պլաստիկ վիրաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցնող բժիշկը ևս համալրել է սպիտակ բանակի շարքը՝ ամուր թիկունք դառնալով հայրենիքի պաշտպաններին:
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան սովորականի պես գնացի աշխատանքի և իմացա, որ թշնամին լայնամասշտաբ պատերազմ է սկսել: Շտապօգնության բժիշկներով նույն օրը մեկնեցինք Արցախի Հանրապետություն՝ իրականացնելու վիրավոր զինծառայողների շտապ և անհետաձգելի բուժօգնությունը և տարհանումը դեպի թիկունք: Օրերն անցնում էին անքուն, լարված ու դաժան: Ծանր էր տեսնել վիրավոր տասնութամյա պատանիներին, լսել հրետանու համազարկը, արկերի պայթյունը, գիտակցել՝ ամեն վայրկյան կարող ես ինքդ էլ զոհվել կամ վիրավորվել»,-դժվարին օրերն է վերհիշում պատերազմի մասնակից բժիշկը:
Նրա խոսքով՝ բժշկի աշխատանքը խաղաղ ժամանակ թիկունքային է. որքան առողջ լինեն մեր սերունդներն ու հասարակություն, այդքան մարտունակ կլինի բանակը:
«Ես հպարտ եմ, որ իմ ազգի զինվորն եմ և´ սպիտակ խալաթով, և´ զինորական համազգեստով»,-հավելում է նա:
Հարություն Հարությունյանը նաև ստեղծագործում է: Նրա չափածո ստեղծագործություններից մի քանիսը նվիրված են հայրենիքի պաշտպաններին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գրառումը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր