«Խորհրդարանական ընդդիմությունը խաբել է 400.000 ընտրողի»: Այս կարծիքին է ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ մարդիկ բոլորովին այլ բան են ակնկալել ընդդիմությունից՝ նրանց խորհրդարան գործուղելով: Սակայն այսօր, չնայած երկիրը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ, «խորհրդարանական ընդդիմությունը, իշխանության հետ ձեռք ձեռքի, ուս ուսի տված, թիթեռ է նկարում»:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում  Զոհրաբյանը խոսել է այն առաքելության մասին, որը, ըստ նրա, պետք է կատարի ընդդիմությունը:

«Այս ընդդիմությանը անձամբ ես քվե չեմ տվել, ոչ Նիկոլ Փաշինյանին «ահավոր սուր» հարց տալու, ոչ իր վրա շիշ շպրտելու համար, ոչ էլ ԱԺ ամբիոնը գրկելու և ասելու՝ Արցախը ուրացողը դավաճան է: Ո՛չ: Իրենք ինձ չեն կարող մոլորեցնել: Մենք իրենց մեկ օրակարգով ենք ուղարկել ԱԺ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Հիմա իրենք ընդամենը խաբում են: Ասենք, էն տղան տասներորդ հոբելյանական անգամ պետք է առաջադրվի Անդրանիկ Քոչարյանի տեղակալ: Ես իրենց այդ օրակարգով չեմ տվել քվե: Իրենք այնտեղ չեն Նիկոլ Փաշինյանին հարցեր տալու համար»:

Այն հարցադրումները, որոնք հնչեցնում է ընդդիմությունը, Զոհրաբյանի խոսքերով, վաղուց տրվել են Փաշինյանին պատերազմի օրերին և հետո:

«Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կալիբրի քաղաքական մանիպուլյատոր չկա: Չկա հարց, որին Նիկոլ Փաշինյանը պարզապես չջնջխի: Նա ջնջխում է, սատկացնում ընդդիմությանը: Ավելի կատարյալ ընդդիմություն Փաշինյանը չէր կարող ունենալ: Այս ընդդիմությունը պարզապես իդեալական սպասարկում է այս իշխանության շահը՝ երկարաձգելով Նիկոլ Փաշինյանի իշխանության կյանքը: Նիկոլը կայանում է այս ընդդիմության ֆոնին»:

Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ այսօր խորհրդարանական ընդդիմությունը «կռիվ է տալիս»՝ Ալեն Սիմոնյանի կամ Անդրանիկ Քոչարյանի տեղակալը դառնալու համար:

«Շատ պարզ է ամեն բան: Ընդդիմությունն այսօր տոտալ փակուղու առաջ է: Եվ այսօր փորձում են «էքշններ» կազմակերպել խորհրդարանում: Ես այնքա՜ն եմ «էքշն» տեսել, որ իրենք ինձ բացարձակապես հետաքրքիր չեն: Հատկապես, որ իրենց քաղաքական նոմինալ կշռով այս խորհրդարանի քաղաքական նոմինալ արժեքը շատ ավելի ցածր է, քան նախորդ խորհրդարանինը:

Այնտեղ կան մարդիկ, որ ունեն որոշակի քաղաքական փորձառություն: Ես իրենց ավելի եմ մեղադրում, որովհետև իրենք գիտեին, որ վերցնելով մանդատը՝ հայտնվելու են փակուղային վիճակում: Ուրեմն, ես ունեմ լեգիտիմ իրավունք՝ անելու եզրակացություն, որ իրենց ընդամենը մանդատ էր պետք, պետք էր բարձր աշխատավարձ»:

Զոհրաբյանը այս շարքից անջատեց «Պատիվ ունեմ» դաշինքի ՀՀԿ-ական հատվածին՝ ցավ հայտնելով, որ այս պատգամավորներն էլ ներքաշվել են գործընթացի մեջ:

Նախկին պատգամավորը հիշեցնում է, որ այսօր ընդդիմության շարքում կան դոլարային միլիոնատերեր, ունեն հայտարարագրված տասնյակ անշարժ գույք: Եվ բնական է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները խորհրդարանի ամբիոնից պատասխան հարցեր են հնչեցնելու՝ ուղղված ընդդիմադիրներին՝ որտեղի՞ց են ձեռք բերել այդ ունեցվածքը:

2018 թվականին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, Զոհրաբյանի խոսքերով, քվե էին տվել, որպեսզի իրենք աշխատեն կառավարող քաղաքական ուժի հետ՝ ձեռք ձեռքի տված: Սակայն վերջին ընտրություններին քվե ստացած ընդդիմությունը այլ հանձնարարականներ է ստացել:

«Այս պատգամավորներից շատերն անձամբ ինձ էին ասում՝ Նաիրա ջան, վայր դիր հանձնաժողովի նախագահի մանդատը, Վահե Էնֆիաջյանը թող վայր դնի փոխխոսնակի մանդատը, որ Նիկոլը մտնում է, ամբիոնը վերցրեք տվեք գլխին: Ինչի՞ եք թողնում՝ Նիկոլը մոտենա ամբիոնին: Հիմա իրենք ի՞նչ են անում: Խելոք փիսիկի նման ամբիոնը չեն տալիս Նիկոլի գլխին, սիրուն հարցերը տալիս են ու մտածում են՝ այնպիսի մի հերոսական հարց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կապկան ընկնի: Ու դուք մտածում եք, որ կա հարց, որ դուք կարող եք այդ հարցով Նիկոլին նեղե՞լ, հա՞: Նիկոլը կլասիկ քաղաքական կենդանի է, Նիկոլը ձեզ սաղին փաթաթած կտանի ծարավ ծովը ու հետ կբերի»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը: