00:00:00

ԼՂ հակամարտության պատմության մեջ 2 դեպք հայտնի է, երբ կողմերից մեկն ընդհատել է գործընթացը

15:53, 30 հոկտեմբեր 2021

7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նոյեմբերի 9-ին սպասվելիք եռակողմ հանդիպման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթերի մասին լուրերին՝ ընդգծելով, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշումներ կայացնել պետության ճակատագրի վերաբերյալ։ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է նաև պատմական կարևոր իրողություններ, որոնք անմիջականորեն առնչվում են խնդրին։ «Անլուծելի հարցեր չկան, միշտ էլ ելք կա։ Առաջիկայում նախատեսվում է եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ շրջանառվող լուրերի, կողմերի միջև ստորագրվելու է փաստաթուղթ։ Չնայած նրան, որ փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին հասու չէ, սակայն դիվանագիտության մեջ հայտնի կարծիք կա․ «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»։ Դեռ ժամանակ կա՝ ամբողջությամբ լրամշակելու և վերախմբագրելու փաստաթղթերը։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ 30 տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առնվազն երկու դեպք է հայտնի, երբ կողմերից մեկը վերջին պահին ընդհատել է գործընթացը։ 2001 թվականին թվում էր, թե կողմերը պատրաստվում են ստորագրել Քի Ուեսթի կամ տարածքների փոխանակման տարբերակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ (առաջին հերթին` ԱՄՆ-ի), սակայն Հեյդար Ալիևը հրաժարվեց պայմանավորվածությունից։ 10 տարի անց` 2011 թվականին, վերջինիս որդին` Իլհամ Ալիևը, հրաժարվեց ստորագրել Կազանի փաստաթուղթը և վերադարձավ տուն, որպեսզի պատրաստվի պատերազմներին` 2016֊ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին։ Հ. Գ. Ոչ ոք իրավունք չունի ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշումներ կայացնել մեր պետության ճակատագրի վերաբերյալ։ Պատմությունից պետք է դասեր քաղել և, եթե հարկ է, հետ կանգնել անհեռանկար ու անպատասխանատու պայմանավորվածություններից», - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր