00:00:00

Միասին անցել և անցնում ենք դժվարին ճանապարհ ու դեռ անելիք ունենք. ԱՀ ՆԳՆ-ն՝ ծառայակիցներին

10:39, 30 հոկտեմբեր 2021

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրն է այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով համակարգի աշխատողներին․ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի գործընկերներներ, վետերաններ, սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ: Մենք ներկայացնում ենք մի կարևորագույն կառույց, որին վստահված է երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, դրանց դեմ պայքարելու բարդ ու պատասխանատու առաքելությունը: Ծառայությունն իր մեջ առաջին հերթին ներառում է մարդասիրություն, օգնություն, բարություն: Մեր յուրաքանչյուր ծառայող քաջ գիտակցում է, որ մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը՝ կյանքը լցնելով միայն բարությամբ: Ուստի փրկարար ոլորտի գործունեության հիմքում մարդու և նրա իրավունքների հանդեպ խորը հարգանքն է:
Հիմնադրման օրվանից, Արցախում իր գործունեության 29 տարիների ընթացքում, ԱԻ ծառայությունն արժանապատվորեն է իրականացրել իր առջև դրված խնդիրն ու աքելությունը: Իսկ ռազմական դրության օրերին իրենց աշխատանքով ոչ միայն պատերազմող Արցախից խաղաղության կոչ էին բարձրացնում աշխարհին, այլև տարածում մարդասիրական արժեքներ: Այդպես էր արցախյան առաջին պատերազմում, երբ կառույցը նոր էր ձևավորվել և բռնել կայացման ուղին: Այդպես էր և 2016-ին՝ ապրիլյան առճակատման օրերին: Սակայն, 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողություններն ամբողջովին փոխեցին իրականությունը և իրենց անձնվեր ծառայության համար Արցախի փրկարարները մեր հայրենակիցների կողմից արժանացան ամենամեծ գնահատանքին, վաստակելով՝ «Տարվա հերոսներ» բարձրագույն կոչումը: Ծառայությունը կարևորագույն դերակատարություն ունեցավ պատերազմական շրջանում ստեղծված իրավիճակում: Երբ հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը, փրկարարները վտանգելով սեփական կյանքը, օդային տագնապի խլացնող ազդանշանի ուղեկցությամբ արձագանքում էին բոլոր արտակարգ կանչերին, բռնկված հրդեհների դեպքում արագ կազմակերպում հրդեհաշիջման աշխատանքներ, փլված ու ավերված շենք-շինություններում կատարում որոնողափրկարարական աշխատանքներ, հումանիտար օգնություն տրամադրում ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին: Ակտիվորեն համագործակցելով Պաշտպանության բանակի, առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կառույցների հետ փրկարարները նաև ռազմական գործողությունների էպիկենտրոնում էին՝ զոհված և վիրավորում ստացած զինծառայողներին տարհանելու նպատակով: Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար ԱԻՊԾ-ն իրացրեց ողջ ներուժն ու գործիքակազմը: Այսօր էլ, երբ պատերազմ չէ ու խաղաղություն չէ, փրկարար-ծառայողները շարունակում են Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ, տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ ու մասունքներ: Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սակրավորական խմբերին վերապահվել է Արցախի տարածքը մաքրել կյանքի համար վտանգ սպառնացող ռազմամթերքից: Այդ պատասխանատու աշխատանքի արդյունքում, մինչ օրս քաղաքացիական բնակչության շրջանում դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել: Ծառայողական գործունեության այս մակարդակը, որն ունենք այսօր, վկայում է մեր ծառայողների մասնագիտական ու գործառական բարձր պատրաստվածության մասին: Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ բոլորիդ և երախտապարտ Ձեր նվիրվածության համար: Ուրախ եմ, որ ունեմ Ձեր նման պատասխանատու համածառայակից ընկերներ, և որ ձեզնից մեկը ես եմ: Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք: Մեր պատասխանատու աշխատանքից է նաև մեծապես կախված երկրի առաջընթացը, ներքին անվտանգության ապահովումը, ներքին համերաշխության ձևավորումը: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր