00:00:00

Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների նորակառույց եղբայրական գերեզմանը

02:49, 30 հոկտեմբեր 2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գառնիկ Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի, Արծրուն Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Արա Խաչատրյանի, Սուրիկ Ավետիսյանի եւ Էդվարդ Պետրոսյանի եղբայրական գերեզմանը։ Գերեզմանի օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի սպաներ և զինվորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ակունքցիներ, զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։ Արարողության մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը, բարձրացվեց եռագույնը։ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ, գնդերեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանը կատարեց օրհնության կարգ։ Սփոփանքի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Հերոսածի՛ն մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև, քանզի ձեր զավակները իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը։ Մենք՝ ապրողներս, նրանց շիրիմների առջև պարտավորվում ենք ստեղծել հզոր հայրենիք, հզոր բանակ ու տնտեսություն, որպեսզի գալիք սերունդները ապրեն խաղաղ երկնքի տակ, ապրեն բարեկեցիկ կյանքով, որպեսզի մեր երկրին այլևս երբեք չսպառնա թշնամին ։ Իսկ այս եղբայրական գերեզմանը, մյուս համայնքերում կառուցված հուշարձաններն ու կոթողները պիտի սերունդենրին պատմեն մեր հերոսների սխրանքների մասին, նրանց վեհ անունների ու գործերի, ազգային արժեքների պահպանման ու հայրենասիրության մասին։»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը։ Ակունքի միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտներն անուն առ անուն ներկայացրին Ակունքից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների կյանքի անցած ուղին ՝ նրանց հիշատակին ձոնելով խոսքեր ու բանաստեղծություններ։ Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։ Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ակունքցի հերոսների եղբայրական գերեզմանը կառուցվել է 2021թվականի ամռանը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր