00:00:00

Էդուարդ Աղաջանյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

17:22, 29 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժևորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարևորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում և դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ  նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային կապերի ընդլայնմանը: Քննարկվել է նաև հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում: Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի և բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ և բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր