00:00:00

Մեր ինչին է պետք «Եվրատեսիլը»

15:01, 09 մայիս 2018 Բլոգ

Վերջին օրերին Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը բոլորիս շեղել էր մի երեւույթից, որը վերջին տարիներին սովորաբար մայիս ամսվա ամենաքննարկվող թեման է լինում։ Խոսքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին է։ Հայաստանի եւ արտերկրի սփյուռքի ողջ ուշադրությունը սեւեռված էր Հայաստանում ընթացող վարչապետի ընտրության վրա, եւ իրադարձությունների արանքում քչերը նկատեցին, որ «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան մասնակից Սեւակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից։ Հիշեցնենք, որ սա երկրորդ անգամ է, որ Հայաստանը չի անցնում եզրափակիչ։ Առաջին անգամ նման ճակատագրի արժանացավ երգուհի Էմմին։ Որն էր խնդիրը, որ Սեւակը չանցավ եզրափակիչ։ Թերեւս սա ոչ մի կերպ չի կարելի կապել ներհայաստանյան իրադարձություններին։ Մյուս կողմից հնարավոր է նաեւ, սփյուռքը մեր մասնակցի օգտին քվեարկելու ժամանակ եւ էներգիա չունեցավ։ Սակայն չմոռանանք, որ մրցույթի մասնակիցները միավորներ են ստանում նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Այսինքն, Սեւակ Խանաղյանի երգը ժյուրին չի հավանել։ Իմիջիայլոց, վերջին տարիներին ժյուրին Հայաստանի մասնակիցներին ցածր միավորներ է տալիս, եւ «ողջ հույսը մնում է» սփյուռքի ներկայացուցիչների վրա։ Վերադառնալով Սեւակի երգին՝ այն այս տարի քիչ քննարկվեց, թեեւ շատերը կարծում էին, որ թույլ է, հայերեն լեզվով երգը հաջողություն չի ունենա եվրոպական բեմում։ Նախօրեին կիսաեզրափակչում Սեւակի կատարումը, սակայն, լավն էր, պրոֆեսիոնալ, առանց սխալների։ Ստացվում է, «Եվրատեսիլ» մրցույթի ժյուրին ունի որոշակի ստանդարտներ, եւ տարեցտարի մրցույթի հաղթողն ավելի կանխատեսելի է դառնում՝ լավ կատարումը կապ չունի, անհրաժեշտ է հիշվող մի երգ՝ անգլերեն լեզվով, բեմում որեւէ տարօրինակություն կամ խենթություն, եւ հաղթանակի շանսը մեծանում է։ Այս առումով մի փոքր առանձնանում էր նախորդ տարվա հաղթողը՝ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը, սակայն սա ավելի շուտ բացառություն էր, քան օրինաչափություն։ Եւ եթե այդպես է, հարց է առաջանում՝ մեր ինչին է պետք այս մրցույթին մասնակցությունը։ Եվրոպայում վաղուց կորցրել են այս մրցույթի հանդեպ հետաքրքրությունը։ Պատահական չէ, որ «Եվրատեսիլի» նույն կազմակերպիչ երկրները վերջին տարիներին երբեք չեն հաղթում, անգամ լուրջ չեն մոտենում մասնակցի ընտրության հարցում։ Գուցե ժամանակն է, որ Հայաստանում էլ «Եվրատեսիլը» կորցնի իր կարեւորությունը։ Ի վերջո, եթե մեր խնդիրը աշխարհին ներկայանալն էր, համենայն դեպս, ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո գոնե մի քանի տարի այս խնդիրը հաջողությամբ լուծված է։ Ն․ Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր