00:00:00

Փաշինյանն ընդունե՞լ է Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները

01:47, 25 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Որո՞նք են Թուրքիայի պահանջները, ինչը բացահայտ բարձրաձայնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները: Թուրքիայի նախագահը երեկ կրկին անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե դրական ազդակներ է ստացել մեր երկրից: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ նախընտրական փուլում և ընտրություններից հետո իրենք խոսել են ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության և կայունություն ապահովելու դարաշրջան բացելու մասին, և այդ տրամաբանության շրջանակներում պետք է Թուրքիայի հետ աստիճանաբար հարաբերությունները կարգավորեն: Հայաստանը պե՞տք է խոսի Թուրքիայի հետ, և ո՞րն է լինելու «խաղաղության» գինը: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:
«Մենք չենք կարող փոխել մեր հարևաններին: Երկու կարծիք լինել չի կարող, որ, ի վերջո, ինչ-որ մի փուլում պետք է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Ես չեմ ասում բարիդրացիական, որովհետև դա գուցե հեռավոր ապագայի հարց է, եթե ընդհանրապես հնարավոր է: Բայց գոնե ինչ-որ համակեցության կանոններով, ինչ-որ մի ձևով պետք է կարգավորվեն: Բայց ամենակարևոր հարցերը սրանք են՝ ե՞րբ, ի՞նչ ձևով և ի՞նչ պայմաններով պետք է այդ կարգավորումը լինի: Սա՛ է հարցերի հարցը: Այս տեսանկյունից եթե դիտարկենք խնդիրը, ապա այսօր պարտված ու նվաստացած վիճակում է մեր երկիրը: Այս վիճակում հաստատել հայ-թուրքական հարաբերությունները՝ նշանակում է հանձնվել և կատարել Թուրքիայի բոլոր պահանջները: Իսկ թե որոնք են Թուրքիայի պահանջները, բացահայտ ասում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները: Հայտարարելով մեկ ազգ՝ երկու պետություն՝ նրանք ի ցույց են դնում, որ իրենց շահերը համընկնում են: Կարելի է ասել, որ Ադրբեջանի նախագահի ցանկացած խոսք հովանավորվում է Թուրքիայի նախագահի կողմից: Այսինքն, դու պետք է ընդունես նրանց պայմանները՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախից վերջնականապես հրաժարվել, Ադրբեջանին հանձնել, այսպես կոչված, անկլավները, ըստ էության Սյունիքը հանձնել Ադրբեջանին, որը համարում են արևմտյան Զանգեզուր, հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից և դառնալ անկլավ՝ թուրքական միջավայրում: Սա է նրանց պահանջները: Եվ կարծես թե Հայաստանի իշխանությունները համաձայն են այդ ամենին՝ մոռանալով մեր կորուստները և ոտնատակ տալով մեր արժանապատվությունը»,- նշում է Ավետիք Իշխանյանը: Անդրադառնալով Էրդողանի բացահայտմանը, որ իրեն Վրաստանի վարչապետն է փոխանցել Փաշինյանի խնդրանքը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը սա ոչ միայն համարում է նվաստացուցիչ, այլ նաև անգրագիտություն՝ միջազգային հարաբերություններում: «Այդպիսի հանդիպումները, հատկապես թշնամական պետությունների միջև, կազմակերպվում են միջազգային բարձր խաղացողների միջոցով, երկկողմանի ցանկությունները հաշվի առնելով, որ չընկալվի, թե դա կողմերից մեկի խնդրանքն է… Այս գավառական, պարզունակ խնդրանքը՝ Վրաստանի վարչապետին, հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի իշխանության ոչ միայն ոչինչ չհասկանալը միջազգային հարաբերություններից, այլև նվաստանալը և համաձայնելը թուրքական ցանկացած նախապայմանի: Արժանապատվության այսպիսի նվաստացում ես չեմ հիշում 1918 թվականից մինչև այսօր՝ ողջ պատմության ընթացքում, նույնիսկ բոլշևիկների շրջանում»: Իսկ ինչո՞ւ է Հայաստանը ցուցաբերում շտապողականություն հենց այն փուլում, երբ շատ թույլ է, և մյուս խաղացողներին շատ հեշտ է զիջումներ կորզել մեր երկրից: Անդրադառնալով այս հարցադրմանը՝ իրավապաշտպանն ընդգծեց. «Անկեղծ ասած, ես երկար ժամանակ դավադրությունների տեսությանը վերապահումով եմ մոտեցել: Բայց այն, ինչ կատարվեց 2018 թվականից հետո, երբ քրեական գործ հարուցվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, և դա ունեցավ իր հետագա շարունակությունը մինչև պատերազմը, ես արդեն սկսեցի լուրջ մտածել դավադրությունների տեսության մասին: Կարող եմ ենթադրել, որ սա այդ նույն դավադրության շարունակությունն է: Այսինքն, Արցախը հանձնելուց հետո՝ տրվել թուրք-ադրբեջանական տիրապետությանը: Նույնիսկ եթե մենք ընդունենք, որ ապիկար կառավարման հետևանքով տեղի ունեցավ պատերազմը և պարտությունը, ապա ցանկացած իշխանություն այդ պարտությունից հետո (ես դեռ չեմ ասում հրաժարականի կամ ինքնասպանության մասին-Ա.Ի.) գոնե որոշակի պետական մտածողություն կունենար և արժանապատվության զգացողություն: Իսկ այն, ինչ կատարվում է այսօր, կարելի է ենթադրել, որ ընդհանուր մի մեծ ծրագրի շարունակությունն է, որի իրականացնողը Հայաստանի իշխանությունն է»: Էրդողանի հայտարարությունն անակնկալ էր: Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին թուրքական աղբյուրներից տեղեկանա այն մասին, որ ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել է Վրաստանի ղեկավարին, այն դեպքում, երբ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ ոչինչ գաղտնի չի պահելու քաղաքացուց: Անդրադառնալով ԳԱԼԱ-ի այս հարցադրմանը՝ Ավետիք Իշխանյանը նշեց. «Ինչպես ինքը՝ հեղափոխությունը, սկսվեց ստի և կեղծիքի հենքի վրա (Աբաջյանի կեղծ պապիկը, Աշոտիկի կեղծ տատիկը) հետագայում այդպիսի խոստումներն այդ կեղծիքների շարունակությունն են: Հիշո՞ւմ եք՝ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք: Ամբողջ պատերազմի ժամանակ սուտն ու կեղծիքն էր իշխում՝ հաղթում ենք… Խոստումը, որ պետք է լինեն թափանցիկ, դա նույնպես այդ կեղծիքների շարքի մեջ է»: Արմենուհի Վարդանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր