00:00:00

ԱԺ-ում կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի դեսպանին

14:09, 15 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալին: ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը եւս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը: Կարեւորելով միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր գնահատեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը: Կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժեւորեց պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվեցին որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր