ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշվել է վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ն:
Թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։
Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը: