«Կրակոցներ ամեն օր էլ կան, նոյեմբերի 9-ից էս կողմ դա արդեն մեզ համար սովորական բան է, երեկ էլ է եղել, ոչ մի բնակիչ չի տուժել: Թուրքերը օդ են կրակում, բայց էնպես չի, որ մենք չենք արձագանքում: Մեր համայնքի բնակչի տան ապակին է կոտրվել այդ կրակոցներից: Տուժածներ, վիրավորներ չկան, բայց պետք չէ էլի լուն ուղտ սարքել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում, նոյեմբերի 9-ից հետո գյուղի կեսն անցել է թշնամու վերահսկողության տակ: Թաղավարդի վարելահողերի 80%-ը, այգիների 50%-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Թաղավարդի գյուղապետն ասում է, որ կրակոցներ միշտ կան, բայց իրենց խուճապի չեն մատնում, մարդիկ վճռական են տրամադրված.
«Մենք մեր տներն ենք կորցրել, պիտի դա հետ բերվի՞, իսկ վախենալով ի՞նչ կլինի: Շինարարություն է էս պահին գյուղում, տները կորցրած մարդկանց փորձում են բնակարաններով ապահովել:
Մարդիկ իրենց աշխատանքին են, իրենց գլխի ճարը տեսնում են: Պատկերացրեք մեզ համար թուրքն ու «անտառի շակալը» նույն բանն են, պիտի վախենա՞նք, հա՞, ոչ մի դեպքում:
Մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում կա 145 տուն, և ամեն տանը մարդ է ապրում, ուղղակի կան մարդիկ, ովքեր եկել են իրենց տները, գյուղը լքողներ չկան»,- եզրափակեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տարածել էր հաղորդագրություն.
«Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա»: