00:00:00

ԲԴԽ-ն ուղղեց արդարադատության նախարարության սխալը, Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով նիստը հետաձգվեց

23:09, 15 հուլիս 2021 Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը պնդում է՝ հարցազրույցներից մեկում ինքը կարծիք չի հայտնել, այլ իր կողմից արվել են դատողություններ՝ տեսական հարցերի շուրջ։ Նա նաեւ վստահեցրեց, որ կարծիքը և դատողությունը տարբերում է, ինքը կարծիք չի հայտնել։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մեղադրանքով գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ, իբր կարծիք արտահայտելու համար։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն է եղել արդարադատության իրականացմանը, ազդեցություն է եղել դատարանների հեղինակությանը, մինչդեռ, դատավոր Գրիգորյանն անդրադարձել էր ՍԴ որոշմանը, իսկ մեղադրանքի վերաորակման վերաբերյալ հարցին ի պատասխան նշել էր, որ այդ հոդվածով մեղադրանքը գոյություն չունի, հետևաբար, մեղադրանքի վերաորակման մասին խոսելն ավելորդ է։ Դատավոր Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնող կողմը չի կարողացել փաստարկել, թե հատկապես որ արտահայտություններն են, որոնք, ըստ իրենց ենթադրության, բերել են դատավորի վարքագծի խախտման, տրվել է ընդհանրական պատասխան, բայց որևէ փաստարկ չի նշվել։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք միջնորդությունում մեջբերված հրապարակման տեքստը համապատասխանում է դատավորի և լրագրողի զրույցի բովանդակությանը, ինչին ի պատասխան նշեց, որ տևական ժամանակ է անցել և ինքը չի կարող ասել, որ 100 տոկոսով համապատասխանում է, բայց եթե նույնիսկ այն զգալի մասով համապատասխանում է, միևնույնն է, վարքագծի կանոնների խախտում չկա։ Գրիգորյանը նշեց, որ հարցազրույց եղել է, որը սկսվել է տեսական հարցերի շուրջ, եղել է նաեւ հարց՝ կոնկրետ դատավորի վարույթում գտնվող գործով կարծիք հայտնելու վերաբերյալ, ինչից ձեռնպահ է մնացել, իսկ թե ինչ հաջորդականությամբ և ինչ ծավալով՝ ասել չի կարող, որովհետև տևական ժամանակ է անցել։ Գրիգորյանի ներկայացուցիչը նկատեց, որ կարող են պնդել, որ հրապարակումն ամբողջական չէ, քանի որ լրագրողի ուղիղ հարցերը չկան, այսինքն՝ հարցազրույցի ամբողջական վերարտադրումը չէ, իսկ թե ինչ չափով է վերականգնված, տևական ժամանակ անցնելու հիմքով չի կարող պատասխանել։ ՀՀ արդարադատության նախարարությունը փորձեց իր պարտականությունը բարդել դատավոր Դավիթ Գրիգորյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչների վրա՝ հետաքրքրվելով, թե արդյոք պահանջել են լրագրողից հարցազրույցի ձայնագրությունը, ինչին ի պատասխան Դավիթ Գրիգորյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը պետք է ԱՆ-ն տար՝ Խորհրդին, քանի որ ապացուցման բեռը դրված է ԱՆ-ի վրա, իսկ Գրիգորյանն այդ ձայնագրությունը չունի։ ՀՀ արդարադատության նախարարության բացթողումը շտկեց եւ ԲԴԽ-ն որոշեց լրատվության միջոցից պահանջի ձայնագրությունը։ Նման որոշում ԲԴԽ-ն կայացրել է խորհրդակցական սենյակում՝ քննարկելով լրագրողին որպես վկա հրավիրելու և լրատվամիջոցից ձայնագրությունը պահանջելու վերաբերյալ միջնորդությունները, որոնք ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Ստեփան Միքայելյանը և Գրիգոր Բեքմեզյանը։ ԲԴԽ նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 15։00-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր