Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել ի դրաֆթում՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանը ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԻՆֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել
պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։
Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին.
1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել Բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։
2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը եւ առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։
3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։
4. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարեւոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։ Տեղյա՞կ եք։
եւ այլն, եւ այլն..........
Տխրահռչակ նախագիծը քոմենթում եմ դնում։
P.S. Չի լինի՞, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի»:
Նշենք, որ խոսքը վարչապետի 2018թ. սեպտմբերի 19-Ի N 1230-Ն որոշման մեջ փոփոխության նախագծին է վերաբերում։ https://www.e-draft.am/projects/3382/justification
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ ուսումնասիրել է e-gov.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը կատարել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ՝ վերոնշյալ տեղեկատվությունը e-gov.am կայքում արգելափակելու համար:
Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Ուստի առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»։