00:00:00

Ամփոփ միջանկյալ տեղեկատվություն զանգվածային միջոցառումների ընթացքում լրագրողների նկատմամբ առերևույթ հանցագործունթյունների դեպքերով գործերի քրեադատավարական շարժընթացի մասին

00:07, 04 մայիս 2018 Իրավական

ՀՀ դատախազությունն առաջնահերթ խնդիր դիտարկելով նախորդ մի քանի օրերի ընթացքում հանրապետությունում կատարվող զանգվածային միջոցառումների ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ահազանգերին արագ արձագանքումը, նմանատիպ դեպքերին, առերևույթ հանցագործություն կատարած անձանց քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ հնարավորինս օպերատիվ կերպով ապահովել է ինչպես ԶԼՄ-ներով այնպես էլ լրագրողների, նրանց ներկայացուցիչների կողմից տրված հաղորդումներին համապատասխան քրեադատավարական ընթացակարգերի կիրարկումը: Ըստ այդմ՝ 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում նշված միջոցառումների լուսաբանման ընթացքում արձանագրվել է լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք: Դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ՀՀ ոստիկանությանը, նախաքննական մարմիններին հանձնարարվել է քրեադատավարական կարգով ստուգել դրանցում ներկայացվող հանգամանքները և նյութերի նախապատրաստմամբ պարզել քրեական գործ հարուցելու հիմքերը: Դրանցից 11 դեպքի առթիվ` 13 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ 1.Ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ  Նոր Նորքի խաչմերուկում անհայտ անձը հարվածել է «Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի գլխին, քաշել են նրա մազերից, պոկել պայուսակի քուղը: «Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 2. Ապրիլի 21-ին «CivilNet.am» լրատվական կայքի լրագրող Անի Գրիգորյանը ՀՀ ոստիկանությանն ահազանգել էր, իսկ ավելի ուշ նաև բացատրություն տվել այն մասին, որ իր լրագրողական պարտականությունները կատարելիս Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում քաղաքացիական հագուստով անձի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը և գողացել են իր բջջային հեռախոսը: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի ցուցումով դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  164-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 3. Ապրիլի 21-ին ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նույն օրը ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ բռնություն է գործադրվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունն ինչպես հրապարակումները, այնպես էլ հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Լրագրողը ճանաչվել է տուժող և հարցաքննության ընթացքում տվյալներ ներկայացրել  ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Կատարված համապատասխան քննչական գործողություններից հետո տվյալ անձին առաջադրվել է մեղադրանք: Նախաքննությունը շարունակվում է։ 4. Ապրիլի 19-ին «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել այս մասին, որ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց իր լրագրողական  աշխատանքը կատարելիս՝ լուսանկարելիս, բռնության է ենթարկվել քաղաքացիական հագուստով երկու անձի կողմից։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Հաղորդման հիման վրա լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ուղարկվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: ՏիրայրՄուրադյանը ճանաչվել է տուժող։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 5. Ապրիլի 20-ին Տիրայր Մուրադյանը ՀՀ ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին որ Երևան-Աբովյան մայրուղում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, չնայած լրագրողի վկայականը ներկայացնելուն, իրեն բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա և հեռացրել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձրել են նույն վայրը: Դեպքի առթիվ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տ. Մուրադյանը ճանաչվել է տուժող: 6. Ապրիլի 22-ին ահազանգ է եղել այն մասին, որ նույն օրվա գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում կատարվող իրադարձությունները հեռախոսով նկարահանելու միջոցով իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի քանի ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի թողարկիչ Անատոլի Եղիազարյանը՝ չնայած այն հանգամանքին, որ  ներկայացրել է լրագրողի  վկայականը և մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։ Այս մասին հաղորդում է ներկայացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի կողմից: Դեպքի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու, քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում ՀՀ ՀՔԾ-ում դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Անատոլի Եղիազարյանը ճանաչվել է գործով տուժող և հարցաքննվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական, քննչական և այլ դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 7. Ապրիլի 22-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը հարձակում է գործել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի վրա, հարվածել է նրա ձեռքին և գցել տեսախցիկը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել։ Այդ կերպ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 8. Ապրիլի 17-ի ուշ երեկոյան էեկտրոնային լրատվամիջոցները տեղեկատվություն են հրապարակել ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանի վրա մի խումբ անձանց կողմից հարձակման և բռնության ենթարկվելու, նրանց լրագրողական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: Մասնավորապես՝ մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև վնասել օպերատորի տեխնիկան: Մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կատարելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և նրան տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի նախ՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, ապա գործի նյութերով՝ 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 9. 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ ոստիկանությանն ահազանգել է «Հանրային ռադիո» ՓԲԸ-ի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ հայտնելով, որ ուղիղ հեռարձակմամբ տեսել է, թե ինչպես են Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Հարսնաքար» ռեստորանի մոտ դիմակավորված անձիք ծեծում ռադիոկայանի աշխատակից, լրագրող  Վրույր Թադևոսյանին:  Նույն օրը երեկոյան վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 18:30-ի սահմաններում Երևանի Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցում լրագրողական պարտականություններն իրականացնելիս դիմակավորված քաղաքացիական հագուստով անհայտ անձիք մահակներով հարվածներ են հասցրել իր գլխին, ոլորել են իր ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև մահակներով հարվածել և վնասել են իր ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս: Լրագրողը նշել է նաև, որ հափշտակել են իր «IPad Air 2» տեսակի պլանշետը, «Samsung Galaxy J7» բջջային հեռախոսը, ինչով խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը: Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Լրագրողին հասցված վնասի չափը պարզվում է: Լրագրողը ճանաչվել է տուժող նաև նշանակվել են դատաապրանքագիտական և դատաբժշկական փորձաքննություններ: 10. Ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում, ի թիվս այլ քաղաքացիների, վնասվածքներ են ստացել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատորներ Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը: Նշվել է նաև, որ վերջինիս նկատմամբ ոստիկանները բռնություններ են գործադրել, ինչի հետևանքով  շտապ բուժօգնության մեքենայով նա տեղափոխվել  է հիվանդանոց: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելով  զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը ճանաչվել են տուժողներ: 11. Ապրիլի 22-ին «Factor.am» ինտերնետային կայքում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանում իր օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի խումբ դիմակավորված անձանց կողմից քարերի և բռունցքների կիրառմամբ բռնություն է գործադրվել նույն կայքի օպերատոր Հովհաննես Սարգսյանի նկատմամբ: 12.  Ապրիլի 22-ին, ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Էրեբունի վարչական շրջանում մի խումբ դիմակավորված անձանց կատարած նույն գործողությունների հետևանքով առերևույթ խոչընդոտվել է նաև «Shantnews.am»-ի թղթակից Արտակ Խուլյանի օրինական մասնագիտական գործունեությունը: Նկատի ունենալով վերոնշյալ երկու դեպքերի վերաբերյալ ձեռք բերված փաստական հանգամանքները՝ որոշում է կայացվել երկու դեպքով քննությունն իրականացնել ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հանցագործության դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում ապրիլի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում՝ մեկ վարույթում: Հարուցված քրեական գործի շրջանակում Հովհաննես Սարգսյանը և Արտակ Խուլյանը ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին մնացած  5 ահազանգերի վերաբերյալ, որոնցով ընթացքը լուծելու համար լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն էր առաջացել, ՀՀ գլխավոր դատախազության հարցմամբ ձեռք են բերվել լրացուցիչ տեղեկություններ և փաստական տվյալներ, որոնք այսօր ուղարկվել են նախաքննական մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետևյալ դեպքերին: 1. «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանն ահազանգել է, որ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար ենթարկվել է հետապնդման, ինչով խոչընդոտվել է իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը։ 2.«Media.am»-ի լրագրող  Գայանե Ասրյանը հայտնել է, որ ապրիլի 22-ին Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում տեղի ուենցող իրադարձությունները լուսաբանելիս սև դիմակով ոստիկանի կողմից հարված է ստացել, ինչով խոչընդոտվել է իր մասնագիտական պարտականությունների կատարումը։ 3. Ապրիլի 22-ին երեկոյան Հանրային ռադիոյի թղթակից Ազա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում դրված տեսանյութում տեղեկացնում է, որ Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում ոստիկանի կողմից փորձ է կատարվել խոչընդոտել ուղիղ եթերի հեռարձակումը։ 4. «CivilNet.am»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանը նշված կայքում տեղադրված տեսանյութում նշում է, որ խոչընդոտելով իր օրինական մասնագիտական գործունեությունը՝ ոստիկանները խանգարում են իրեն նկարահանել տվյալ պահին տեղի ունեցող իրադարձությունները: 5. «CivilNet.am»-ի լրագրող Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցին հայտնել է, որ Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչերուկում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ եթերով նկարահանելու ընթացքում ոստիկանի կողմից բռնություն է կիրառվել իր նկատմամբ և խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեության իրականացումը: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործության հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր