00:00:00

Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի դեմ

14:12, 29 ապրիլ 2021 Աշխարհ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Փայլանը թվիթերյան գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներ: Պատկերացրեք, եթե Գերմանիայում այսօր լինեին Հիտլերի անվան պողոտաներ, երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում, ինչպիսի՞ն կլիներ Գերմանիան այդ ժամանակ: Ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»: Ի պատասխան Փայլանի գրառման՝ Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Օզդաղը նրան անվանել է «անկիրթ» և «սադրիչ»: «Եթե գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան արտաքսել է ոչ թե հայրենասեր, այլ քեզ նման թիկունքից հարվածող հայերին: Դու էլ, երբ ժամանակը գա, ապրելու ես և պետք է ապրես Թալեաթ փաշայի նույն փորձառությունը»,- «Թվիթեր»-ում, ի պատասխան Փայլանի, գրել է ազգայնական պատգամավորը: Փայլանն ազգայնական պատգամավորին մեղադրել է «հանցագործության դրդելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» մեջ: «Փոքրամասնությունների դեմ բռնության կոչերը ճանապարհ են հարթում ատելության հանցագործությունների համար: Խտրականություն ու ատելություն պարունակող խոսքերը չպետք է անպատիժ մնան»,- նշել է նա: Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք է ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր