Նախագահության առաջին 100 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հավանություն տալու վարկանիշը կազմել է 52 տոկոս. 1945 թվականից ի վեր դրանից ցածր ցուցանիշ էին ստացել միայն նախագահներ Ջերալդ Ֆորդն (48%) ու Դոնալդ Թրամփը (42%), վկայում են Washington Post-ի եւ ABC News-ի համատեղ հարցման տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հարցման համաձայն՝ դրա մասնակիցների 52 տոկոսը «միանշանակ» կամ «որոշ չափով» են հավանություն տալիս Բայդենի աշխատանքին, որոնցից 90 տոկոսը դեմոկրատներ են, 47 տոկոսը՝ անկախ հարցվողներ եւ 13 տոկոսը՝ հանրապետականներ: Հավանություն չի տվել հարցվածների 42 տոկոսը:
Հարցվածների կեսից ավելին՝ 64 տոկոսը, հավանություն է տալիս Բայդենի քաղաքականությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ոլորտում, ներկայիս նախագահի տնտեսական քաղաքականությանը հավանություն է տվել հարցվածների 52 տոկոսը: Շատ ավելի քիչ մարդ է դրական արձագանքել Մեքսիկայի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի շուրջ գործողություններին, որոնք հավանություն են ստացել հարցվածների 37 տոկոսի շրջանում: