Իմ նկատմամբ հարուցված այդ քրեական գործը պարզապես հիմարություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ:
Արծվիկ Սարգսյանը պատմեց, որ իրեն դիմում են հազարավոր քաղաքացիներ, երբեմն մոլորեցնում իրեն, թե Շուշիի բնակիչ են եղել, որպեսզի շահառու դառնան. «Շուշիում ունենք հարեւան, որը 10 տարի Շուշիում չի ապրել։ 2019 թվականին իր տունը վաճառել է, այդ տանն արդեն ուրիշ մարդ էր ապրում։ Պատերազմից հետո արդեն եկել ու ինձ ասում է՝ ինձ ու եղբորս շահառու ճանաչիր, նրա եղբայրն էլ այս պատերազմից փախած է եղել։ Ես էլ նրանց ասել եմ, որ կարգն այդպես չէ, ես չեմ կարող այդ քայլին գնալ, քանի որ շահառու հանդիսանում են այն քաղաքացիները, որոնք գոնե վերջին 3 ամիսն ապրել են Շուշիում։ Ինքը դրանից բորբոքված գնացել ու իմ վերաբերյալ սուտ հաղորդում է ներկայացրել։ Նա հայտարարել է անգամ, թե ես իմ մեքենան Հայաստանում վաճառել եմ, ու իբրեւ եկել, ասել եմ՝ մեքենաս մնացել է հակառակորդի վերահսկողության տակ, դա նույնպես պարզաբանել եմ, որ մեքենաս այս պահին էլ Արցախում է»։