Ըստ Օրբելյանի՝ պատասխանող կողմից երկու անուղղակի բողոք է բերվել՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումների դեմ։
Դատարանը, լսելով կողմերին և ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ պատասխանող կողմի միջնորդության առաջին, չորրորդ և հինգերորդ մասերն, ըստ էության, դատողություններ են հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման իրավաչափության վերաբերյալ, մինչդեռ՝ նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա դատական ակտ չէ, իսկ վարչական դատարանը չունի իր կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի իրավաչափության ստուգման լիազորություն։
Ինչ վերաբերում է իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցի՝ վարույթ ընդունման ենթակա չլինելու վերաբերյալ պատասխանողի պնդումներին, դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի մասով եզրահանգման վերաբերյալ իրավական գնահատականը կարող են տալ միայն վերադաս դատական ատյանները՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված համապատասխան բողոքների քննության շրջանակներում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը չի անդրադարձել նշված մասերի փաստարկներին, քանի որ դրանք դուրս են միջնորդության քննարկման ծավալներից, և դրանք չեն վերաբերում հնարավոր դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հետ կապված հանգամանքների վերացմանը։
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է պատասխանողի միջնորդությունը՝ արձանագրելով, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։