00:00:00

Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել

14:49, 31 մարտ 2021 Իրավական

Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձելու պահանջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:

Ինչպես հայտնի է, հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: 2021 թվականի մարտի 26-ին Ն.Ավետիսյանը, ծանոթանալով Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին, պարզել է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը 12.03.2021թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Զարուհի Համազասպի Փոստանջյանի և խնդրել՝ 1.Պարտավորեցնել Պատասխանող Զարուհի Փոստանջյանին հրապարակայնորեն հերքել տեսանյութի հատվածում պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ կերպ. տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես «Ես՝ Զարուհի Փոստանջյանս, զրպարտել եմ Նիկոլ Փաշինյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես «08.02.2021թ.-ին ես Յութուբ կայքի «asekose am» վերնագրով ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ արտահայտություններ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, գործակալ լինելու մեջ, և որ նրան նախորդ իշխանություններն են բերել, մտցրել խորհրդարան։ Հայտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Փաշինյանին»։ 2. Պատասխանող Զարուհի Փոստանջյանից հօգուտ հայցվոր Նիկոլ Փաշինյանի բռնագանձել երկու միլիոն ՀՀ դրամ՝ որպես Տեսանյութի մեջ պարունակվող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում։ Հայցադիմումը և կից փաստաթղթերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Ավետիսյանին են հանձնվել 17.03.2021թվականին: Նկատի ունենալով, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, հետևաբար այն պետք է ընդունել վարույթ: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով՝ դատավորը որոշել է Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Զարուհի Համազասպի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, ընդունել վարույթ: Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր