Մարտի 26-ին 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանը կազմակերպված խմբի կազմում 2020թ. պետպատվերի շրջանակներում կեղծ հիվանդ երեխաներ գրանցելու միջոցով ահռելի մեծ գումարներ էր շորթել պետական բյուջեից:
Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործը ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել, և վերոնշյալ թեմայի մեջ եղած անձինք՝ հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը և բժիշկներ Հասմիկ Խաչատրյանը, Ժաննա Սարգսյանը և Դոնարա Հակոբյանը ամեն ջանք գործադրում են գործը փակելու, թեման մոռացության տալու համար: Ըստ լուրերի՝ այլ բժիշկներ ևս ներգրավված են գործի մեջ:
Ոստիկանությունից մարտի 26-ին, ի պատասխան մեր հարցման, պատասխանեցին, որ կեղծ հիվանդ երեխաների գրանցման վերաբերյալ տեղեկություններ ոստիկանությունը ստացել է, և դրանց հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այսօր արդեն տեղեկացանք, որ երեկ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ազատազրկվում է 4-8 տարի ժամկետով, և պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:
