Այսպես.ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:
Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:
Ավելին, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը՝ հափշտակված տեսախցիկները վերադարձնելու և դրանք այլ անձի չվաճառելու դիմաց՝ տուժողից պահանջել են ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի 25-ին՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո: