«Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ իշխանությունների կամակատարը չէ։ Ողջունում եմ, որ որոշումն ընդունվեց՝ հաշվի առնելով պետական շահը և արդարությունը վերականգնվեց»։ Irakanum.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԴ Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրված նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Մարտի 1 -ի գործով մյուս մեղադրյալներին` Յ. Խաչատուրովին, Ս. Օհանյանին, Ա. Գևորգյանին։
Խաչատրյանի խոսքով՝ Մարտի 1-ի շինծու քրեական գործն այս հոդվածով ենթակա է կարճման, իսկ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների նկատմամբ քրեական կոչված քաղաքական հետապնդումը` դադարեցման։ «Այս գործն ի սկզբանե աղերս չի ունեցել իրավունքի, օրինականության ու արդարադատության հետ և եղել է դասական քաղաքական հետապնդում, ինչի համար միանշանակ քրեական պատասխանատվության են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր խաղալով հասարակության հույզերի հետ, շարունակ ստել են, կատարել քաղաքական պատվերներ, շուրջ մեկուկես տարի անազատության մեջ են պահել Երկրորդ Նախագահին, այլ խոսքով` մասնակիցն են դարձել այս անօրինակ ու անբարո իրավախայտառակությանը», - նշեց Խաչատրյանը, եզրափակելով, որ վերջապես արդարությունը վերականգնվեց։
Հավելենք, որ Արթուր Խաչատրյանն օրեր առաջ աշխատանքային այցով Երևանում էր։ Վերջինս հանդիպումներ է ունեցել երկրորդ և երրորդ նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են ներքաղաքական զարգացումները, Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն, ինչպես նաեւ հայ- ռուսական հարաբերությունները։ Արթուր Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Գործող իշխանությունների հետ ՌԴ Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահը ցանկություն չի ունեցել հանդիպելու։
Irakanum.am