Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝ հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.
