00:00:00

Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս պատերազմը լինի՝ նաեւ խրախուսելով նահանջը. Սեյրան Օհանյան

17:02, 25 հունվար 2021

Այս իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այս պատերազմը լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Միգուցե չգիտակցելով, բայց շատ ավելի վատ կլինի, եթե դա արել են գիտակցելով: Որովհետև եթե դու արտահայտվում ես և ասում, որ մեկ է՝ այդ հողերը պետք է տայինք, ի՞նչ է, պետք է մտնեինք պատերազմի մեջ, նոր հետ տայի՞նք: Միգուցե այդ հողերի հարցն այլ կերպ լուծվեր և մենք նաև ըստ փուլերի այդ ամենը վերադարձնեինք, և Արցախի ու մեր ժողովրդի համար ավելի բարելավված իրավիճակում իրականացնեինք»,-ասաց նա: Անդրադառնալով պատերազմի ժամանակահատվածին, Սեյրան Օհանյանը նշեց այն պատճառները, որոնք հանգեցրին պարտության. «Այն ժամանակահատվածում, որ մենք կազմել ենք զարգացման պլաններ, այդ զարգացման պլաններում շեշտադրումը դրված էր հենց ԱԹՍ-ների, օդուժի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, զինվորների հանդերձանքի վրա: Ես հիմա չգիտեմ, այդ գնումները կատարվել են, թե ոչ, բայց այս պատերազմի ժամանակ մենք այլ բան տեսանք: Գերագույն հրամանատարը, որը կրում է հրամանատար անունը, չի կարող խուսափել ռազմական կառավարումից: Երբ նա ասում է, որ ես միայն քաղաքական որոշումներ եմ ընդունում, բայց եղել են ռազմական մեր այս թատերաբեմում վայրեր, որտեղ հակառակորդը ճեղքել է մեր պաշտպանությունը, անձամբ պետք է տվյալ հատվածի բոլոր օպերացիաները հաստատեր, խորանար այդ ամենի մեջ եւ համապատասխան ցուցումներ, որոշումներ ընդուներ: Մեր պետական կառավարման այս ժամանակահատվածում չեն օգտագործվել ԱԺ-ի, բոլոր պատգամավորների հնարավորությունները մեր երկիրը համախմբելու եւ տանելու հայրենական պայքարի: Չեն օգտագործվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի աշխատանքները բանակի հետ միասին զորահավաքը իրականացնելու համար: Պատերազմի ժամանակ կառավարությունն ամբողջությամբ պետք է անցնի ռազմական ռելսերի վրա, պետք է իր նիստերում համապատասխան փոփոխություններ կատարի նաեւ բյուջեում, ՏԻՄ մարմինների հետ միասին պետք է խորքում աջակցություն ցուցաբերի բանակին՝ ապահովելով թիկունքը: Իսկ անվտանգության խորհրդի դերը այս պատերազմում շատ ցածր է եղել: Դա արտահայտվել է թե ՀՀ-ի, թե Արցախի ղեկվար օղակներում»,-ասաց նախկին նախարարը: Նա նկատեց, որ ոչ ոք չի ասում պետական մակարդակի պաշտոնյաներն իջնեն վաշտի հրամանատարի մակարդակում կռվեն, բայց պետական մակարդակի մարդիկ պարտավոր են վերախմբավորումներ իրականացնել եւ փակել այն 20 կմ-անոց մխրճումը, որը բերեց հասցրեց մինչեւ Շուշի: «Պետական կառավարման մեջ ես նկատել եմ նաեւ շատ ցածր կարգապահության մակարդակ: Ոտքի վրա էին ղեկավարում: Ես այսքան ժամանակ քիչ եմ տեսել մարդկանց, որոնք կվերցնեն թուղթը, ինչ-որ բան կգրեն, կպլանավորեն: Մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, նաեւ խրախուսել ենք նահանջը: Եթե որեւէ զորամասում ձախողում է լինում, այդ զորամասի հրամատարը փոխվում է: Հիմա պետության մեջ ձախողում է եղել եւ պետք է այսօրվա իշխանությունները,. Որոնք ցույց են տվել պետական կառավարման անկարողությունը, փոխվեն»: Սեյրան Օհանյանի խոսքով, նոյեմբերի 9-ին վարչապետը միանձնյա իր վրա է վերցրել պատասխանատվությունն ու ստորագրել այդ հայտարարությունը՝ առանց քննարկելու Ազգային ժողովի հետ: «Դա է պատճառը, որ հունվարի 11-ին էլ առանց մեր վարչապետի ղեկավարի ասել են՝ այս 4 կետը ստորագրի: Այս իշխանությունների դեպքում մեր պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու: Դա է պատճառը, որ պետք է մեզ հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի պարտությունների շարք ունենար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր