Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունը գերիների հարցով:
«ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում:
Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին: Մասնավորապես՝
- ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հավելածի 6-րդ պարբերությունում նշված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ:
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները:
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ արձանագրում անել այն մասին, որ անթույլատրելլի է հետպատերազմական գործընթացի մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը:
- Բացարձակ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը:
- Սկզբունքային կարևորության հարց է այն, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանի իշխանության մարմիններն ի սկզբանե արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, շարունակաբար չեն հայտնում գերիների իրական թիվը:
- Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քարոզի կազմակերպված քաղաքականության համատեքստում:
- Ուստի, հրավիրում եմ ՄԱԿ-ի ու մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային մյուս կառույցների ուշադրությունը սույն հայտարարության մեջ նշված խնդիրների վրա:
- Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները բանակցություններ վարելիս պետք է հաշվի առնեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության մեջ նշված հանգամանքները: