«Գեներալ չլինես, գեներալի կոսինյուս լինես, պատկերացնում ես՝ այսքան ժողովրդով գանք, ինչ կանենք»,-այսօր Հանրապետության հրապարակում ասաց Իմ քայլը նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով գեներալներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ ինֆորմացիաներ են ստացել, որ նրանք իրենց անվտանգության աշխատակիցիներին են գործի դնում ի դեմ ցուցարարների:
Նա նշեց, որ Փարաքարում երիտասարդների ցույցը ցրելուն միջամտել են տեղի համատիրության ներկայացուցիչները, հարձակվել ցուցարարների վրա, և այս ամենի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Տարոն, եթե չես ուզում մոտակա 1 ամիսը ընդհանրապես տնից դուրս գալ չկարողանաս, կարգի հավաքի տղեքիդ»:
Խոսելով գնդապետներից մեկի ճնշումների ու բռնությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե այսուհետ որեւէ գնդապետ, փոխգնդապետ, որեւէ մեկը բարձրաստիճան փորձի բռնություն գործել, ճնշել քաղաքացիներին, հակահարվածը կլինի անձամբ Տարոն Մարգարյանի ուղղությամբ: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ, Տարոն Մարգարյանն էլ, ինձ լավ գիտեն, ու գիտեն, որ ես օդում բառեր ասող չեմ, բռնություններ ու նման բաներ չհամարձակվեք կիրառել խաղաղ ժողովրդի նկատմամբ, չփորձեք խեղճացնել, ճնշել էս ժողովրդին»,-ասաց նա:
«Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները՝
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին:
Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը:
Պատգամավորն ասաց, որ այս ծրագրի կետերն իրենք պատրաստ են քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովեն իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին: «Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի պիտի չլինեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն,- ասաց Նիկոլ Փաշինյանը