00:00:00

Խմորեղեն գնելու պատճառով տեղի է ունեցել ծեծկռտուք. 3 երիտասարդների մեղադրանք է առաջադրվել

20:54, 21 օգոստոս 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի 36-ամյա բնակիչը  խմորեղեն գնելու նպատակով ընկերոջ՝ 27-ամյա երիտասարդի հետ այցելել է Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետ, իսկ նրանց 2 ընկերները սպասել են դրսում: Սուպերմարկետի աշխատակցուհիները Երեւանի 36 եւ 27-ամյա բնակիչներին տեղեկացրել են, որ նրանց պահանջած՝ 50-ից 60 անձի համար նախատեսված տորթ չունեն՝ փոխարենն առաջարկելով 5 փոքր տորթեր, որոնք կբավարարեն այդքան անձի: Վերոնշյալ անձինք, սեփական անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով հաճախորդի եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել խանութի անձնակազմի հասցեին: Այդ ընթացքում վերջիններիս է միացել նրանց 49-ամյա ընկերը, որը եւս դրսեւորել է խուլիգանական վարքագիծ: Նրանք ծեծի են ենթարկել խանութ-սրահի տնօրենին, իսկ 27-ամյա երիտասարդը ոտքով երկու անգամ հարվածել է խանութի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն, ինչից հետո 3 ընկերները հեռացել են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 3 բնակիչներին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին մասով: 36 եւ 27-ամյա երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրանց 49-ամյա ընկերոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր