00:00:00

Ինչու Մոսկվան հանձնեց «Ալրաղացի Լյովիկին» (տեսանյութ)

15:17, 10 օգոստոս 2020 Իրավական

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, նա կալանավորվել է: Լևոն Սարգսյանը, որը  հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել դեռ տասը տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը տարիներ առաջ՝ 2008 թվականին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է։ Ըստ ԱԱԾ-ի, այս գործով 2011 թվականին դատարանը 10 հոգու դատապարտել էր մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հենց Լևոն Սարգսյանն է, ով, լարված հարաբերությունների ունենալով Մաքսայինի նախկին պետի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հանցագործությունը: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները: 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով: Նախկին իշխող Հանրապետականի պատգամավոր Լևոն Սարգսյանը օրերս արտահանձնվեց Հայաստան: Նախկին իշխանության ներկայացուցչի կալանավորումից հետո Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչները հայտնեցին, որ Հայաստան արտահանձնվելու դեպքում նա պետք է հարցաքննվի նաև Մարտի 1-ի գործով։ Օրինակ փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ կան ցուցմունքներ, որտեղ նշվում են, որ Լևոն Սարգսյանը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իր թիկնապահներին համազգեստ և զենք է մատակարարել, հետևաբար նա պետք է առերեսվի ցուցմունք տված վկաների հետ: Լևոն Սարգսյանը պետք է նաև պարզաբանի, թե ըստ ցուցմունքների մարտիմեկյան իրադարձություններից հետո այդ ի՞նչ զենքեր է դրել սեղանին և ասել, որ դրանք պատմական զենքեր են: Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները ցույց կտա ժամանակը: Նկատենք, որ Լևոն Սարգսյանը, Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվայում ապաստանած միակ նախկին պաշտոնյան էր, որին պաշտոնական Ռուսաստանը արտահանձնեց Հայաստանին: Կամ Կրեմլում գտել են, որ Սարգսյան Լեևոնը փոքր տրամաչափի ֆիգուր է, կամ վերադարձնելով նրան ճանապարհ է հարթում մյուսների համար: https://www.youtube.com/watch?v=dg6NFWuKpPU&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր