ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-311-րդ հոդված):
Գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված եւ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող քանի անձ կա, Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք առաջադրվել է թե ոչ, ինչ կարգավիճակ ունեն նրա որդիները եւ այլն:
Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցերին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ հիշյալ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության հակառակ շահերին օգտագործելու կամ անձնական, խմբային կամ այլ շահագրգռվածությունից ելնելով`ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Ըստ պատասխանի`2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքները փոփոխելու, լրացնելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին: Այժմ նա որպես մեղադրյալ է ներգրավված եղբոր՝ վերոհիշյալ նույն հոդվածներով: Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Գուրգեն Խաչատրյանը եւս հետախուզվում է:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում համապատասխան հոդվածներով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ (այդ թվում`Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները): Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը լրացնել-չլրացնելու, որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց եւ մեր մնացած հարցերի մասին ԱԱԾ-ն տեղեկություն չի տրամադրել`նշելով. «Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի, 201-րդ հոդվածի, ինչպես նաեւ`«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`հայցվող մնացած տեղեկատվությունը նախաքննության այս փուլում չի կարող տրամադրվել`նկատի ունենալով նաեւ այն, որ կատարված կամ կատարման ենթակա քննչական գործողությունների, մեղադրանքի ծավալում ներառված փաստական տվյալների հրապարակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ քրեական գործի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից»,- ասված է պատասխանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: